Բարև բոլորին :) Այս պոստս որոշեցի նվիրել ընկերներիս, ովքեր հրաշալի գաղափար են կյանքի կոչել՝ ստեղծելով «Ավենյու 37» գեղեցիկ սրճարանը, որի ողջ շահույթն ուղղվելու է բարեգործությանը։ Ճիշտն ասած, միայն օրեր առաջ վերջապես կարողացա այցելել «Ավենյու 37», ու քանի դեռ տպավորություններս թարմ են, առանձնացրել եմ 10 պատճառ, թե ինչու պետք է հաճախել հենց այս սրճարան։ Նախապես ասեմ, որ գովելու եմ, բայց չեմ չափազանցնելու:)

1. Բարի, դրական, հանգիստ ինտերիեր ու էմոցիաներ առաջացնող անկյուններ

Հենց մուտքից ներս ես գալիս, միանգամից կլանվում ես սրճարանի անչափ բարի ինտերիերով։ Սրճարանը փոքրիկ Փարիզ է հիշեցնում։ Պատերը վրձինով շատ գեղեցիկ ներկված են, սեղանները՝ մինիմալիստական, աթոռները՝ նուրբ ու շատ ներդաշնակ ընդհանուր մթնոլորտի հետ։ Տղաները կարողացել են շատ գեղեցիկ անկյուններ ստեղծել, որտեղ քեզ անչափ հարմարավետ ես զգում։ 
2. Այստեղ միշտ թարմ ծաղիկներ կան

Սրճարանում ամեն օր թարմ ծաղիկներ ունենալը մեծ ճոխություն չէ, դա ավելի շուտ վերաբերմունք է հաճախորդի հանդեպ։ Սիրելի կնոջդ երբեք արհեստական ծաղիկ չես նվիրի, որ պրծնես պարբերաբար ծաղիկներ նվիրելու պարտավորությունից։ Ամենօրյա թարմ ծաղիկները նշանակում են, որ այստեղ սիրում են քեզ :)
3. Կիվիով թեյը

Գնանք Էջմիածին քյուֆթա ուտելու, Լենինական՝ քյալլա ուտելու, Միլան՝ ռիզոտտո ուտելու, իսկ «Ավենյու 37»` կիվիով թեյ խմելու :)

4. Խոհանոց

Սրճարանները երբեք խոհանոցով չեմ տարբերել. ինձ համար տեղը հարմար լինի, Ամերիկանո տան, թանկ չլինի, եթե մատուցողը շատ թարս նայի, մաքսիմում մի հատ էլ չիզքեյք կվերցնեմ։ Բայց որ ասեմ՝ այսինչ սրճարանում այսինչ բանը շատ համեղ է, դեռ չէր եղել։
Ընկերներս առաջարկեցին՝ մենյուից ընտրեմ՝ ինչ կհավանեմ, ու երբ տեսան ուտեստների անհասկանալի անվանումների բազմությունից դեմքիս առաջացած անօգնական արտահայտությունը, ինձ ասացին, թե ինչն է իրենց մոտ համեղ, և թե ինչն են մարդիկ շատ հավանում. bestseller-ները՝ մի խոսքով։ Մինչև այդ ինձ ծանոթ թեթև իտալական համեր զգացի. սիրեցի կարբոնարան, արգենտինական սթեյքը, հռոմեական արձակուրդները ու, իհարկե, կարամելով էկլերը:)

5. Այստեղ լավ երաժշտություն է հնչում, հաճախ նաև՝ կենդանի
Երաժշտությունը կյանքի առօրյա պահերը կախարդական ու հիշվող է դարձնում։ Հասարակ ժպիտը կամ հայացքը հոգումդ խառնաշփոթ է առաջացնում, եթե ճիշտ երաժշտություն է նվագում։) Իսկ «Ավենյու 37»-ում այդ գործից հասկանում են ու երաժշտությունը շատ խնամքով են ընտրում։ Հաճախ պատահում է՝ ինչ-որ մեկն ինքնաբուխ դաշնամուր է նվագում, ու ամբողջ սրճարանով միասին երգում են։  
6. Հաճելի և ինտելեկտուալ այցելուներ
Լավ երաժշտությունը նաև այլ օգտակար հատկություն ունի. անմիջապես ապտակում է սրճարան մուտք գործել փորձող սև կաշվե բաճկոններով տղանների դեմքին, ու նրանք սիրուն հետդարձ քայլով մարշ են անում։ Ֆրանսիական ինտերիերը, գարեջրի ու Բղդոյի երգերի բացակայությունը միգուցե կրճատում են այցելուների քանակը, բայց ոչ որակը:)
Այստեղ մարդիկ հաճելի են աչքին, կողքից պատահաբար որսացածդ խոսակցությունը հաճելի է ականջին։ Թե ինչպես լղեցին երրորդմասցի Արթուրիկին, կամ ինչպես քյաչալ Վգեն ստացավ ճուտից իր տալիքները, երբեք չեք իմանա «Ավենյու 37»-ում :))
7. Ֆեյսբուքյան իմ ընկերները գալիս են այստեղ

Միայն նման վայրերում է հնարավոր «պաչիկով բարևել» ու գրկախառնվել մի մարդու հետ, ում իրականում առաջին անգամ ես տեսնում։ Իսկ պատճառն այն է, որ դուք հին ընկերներ եք, պարզապես ֆեյսբուքում, իսկ կյանքում առաջին անգամ եք հանդիպում։ Պարզվեց՝ «Ավենյու 37» գալիս է իմ ֆեյսբուքյան ընկերների մեծ մասը, ում հետ մինչև այդ միայն մեկնաբանություններում եմ շփվել։
8. «Ավենյու 37»-ն ամենաբարձրն է ասպետների տեսակարար կշռով մեկ քառակուսի մետրի վրա

Ասպետներն այստեղ սարացիններին հալածելուց բացի զբաղվում են նաև սրճարանի զարդարման աշխատանքներով և դուելներ կազմակերպելուց բացի նաև հանգիստ նստած թեյ են խմում...
...կամ բալլադներ են ձոնում սրճարան այցելած գեղեցկուհիներին:
9. Այստեղ գինիների հրաշալի տեսականի կա ու շատ ավելի էժան գնով, քան ցանկացած խանութում
Գինիների տեսականին բավական մեծ է ու շարված է սրճարանի պատերին։ Կարող ես մոտենալ, քո ձեռքով ընտրել քո գինին։ Ցանկության դեպքում պրոֆեսիոնալ սոմելյեն քեզ խորհուրդներ կտա, կօգնի կողմնորոշվել գինիների բավական բարդ աշխարհում։ Գինիների գներն ավելի ցածր են, քան կարելի է հանդիպել քաղաքի խանութներում։ Պատճառն այն է, որ այստեղ կեղծում են լավ գինիները... :)) Կատակ եմ անում :) Չգիտեմ՝ ինչու է էժան, բայց էժան է :) Մյուս անգամ կհարցնեմ, թե ինչու է այդպես ստացվել։ 

10. Սրճարանի ողջ շահույթը, նաև թեյավճարներն ուղղվում են բարեգործությանը


Չնայած այս կետը վերջում եմ թողել, բայց ինձ համար այն ամենակարևորն է, ու հենց այս պատճառով է «Ավենյու 37»-ն այդքան յուրահատուկ ինձ համար։ Այստեղ ծախսված ցանկացած գումար ուղղվում է «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանին, որտեղ այս պահին անվճար սնունդ է ստանում 40 կարիքավոր, իսկ առաջիկայում այս թիվը մի քանի հարյուրի կհասնի։ Եթե ուզում ես շատ օգուտ տալ սրճարանին, պարտադիր չէ՝ շատ ուտես այդ օրը սրճարանում։ Կարող ես կանչել մատուցողին ու ասել, որ ցանկանում ես, օրինակ, 1000 դրամ հանգանակություն անել ճաշարանին ու փոխանցում ես գումարը։


Հաաա, ու չմոռանամ ասել նաև կրեատիվ վերաբերմունքի մասին ամեն դետալի նկատմամբ։ Իրոք հաճելի է։




Սրճարանը գտնվում է Օպերայի Կազիրյոկ սրճարանի մոտ՝ Ֆիքշն փաբի հարևանությամբ։ Վիդեոյում ու քարտեզում տեղը լավ երևում է :)

Որտեղ է գտնվում Avenue 37-ը

Posted by Avenue 37 on Friday, 18 December 2015
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել