Մերձավոր Արևելքում ծավալվող բարդ աշխարհաքաղաքական խաղը շատ անկանխատեսելի ու նույնիսկ աննախանձելի հեռանկարներ է ստեղծում հատկապես Ադրբեջանի համար։ Մի կողմից դա, իհարկե, նավթի գների հետ կապված իրավիճակն է, որը եթե մոտ ապագայում կտրուկ բարձրացման միտումներ չցուցաբերի, ապա ադրբեջանական տնտեսության փուչիկի պայթելուն կմնա 1-2 տարի, եթե ոչ ավելի քիչ։
Սակայն մեկ այլ ավելի վտանգավոր գործոն Ադրբեջանի համար։ Բանն այն է, որ Թուրքիան ակտիվորեն փորձում է ներքաշել Ալիևին հակաիրանական խաղերի մեջ, որոնք նույնիսկ ոչ թե լոկ հակաիրանական են այդքան, որքան սուննիական ու շիայական աշխարհի դիմակայություն են։ Եվ այժմ Ադրբեջանը շատ բարդ երկընտրանքի մեջ է։
Մի կողմից, ադրբեջանցիների մեծամասնությունն առնվազն ֆորմալ առումով ինքն է շիա (բայց դե հասկանում ենք, թե որքան կապ ունեն մեր ոխերիմ հարևանները կրոնի հետ), ինչը բավականին լուրջ ներքին ռիսկեր է ստեղծում վերահաս կոնֆեսիոնալ դիմակայությունում սուննիական դաշինքի մեջ մտնելու պարագայում։ Եթե խաղը շատ խորանա, ապա Ադրբեջանը կարող է պայթել հենց ներսից, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ այնտեղ միջկոնֆեսիոնալ լուրջ խնդիրներ առանց այդ էլ կան ու հատկապես՝ Սիրիա մեկնող սուննի ջիհադիստների աճի պարագայում։
Մյուս կողմից էլ դա Իրանի հետ առանց այն էլ լարված հարաբերություններն արդեն դեպի բաց կոնֆրոնտացիա տանելու միտումն է։ Մի՞թե Ադրբեջանում չեն հասկանում, որ եթե Հայաստանի հետ բաց առճակատումը հղի է նոր տարածքների կորստով, ապա Իրանի պարագայում ոչ թե խոսքը ՆՈՐ, այլ ԲՈԼՈՐ տարածքների մասին կարող է գնալ։ Իրանին զայրացնելը շա՜տ լուրջ արկածախնդրություն է, և դժվար է պատկերացնել, թե ինչ գին են խոստացել Ադրբեջանին դրա դիմաց, որպեսզի դա արդարացված համարվի իրենց քաղաքական ղեկավարության համար։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/01/blog-post_9.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել