Replik.am-ը գրում է.
Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է պատճառ դառնալ ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների, եթե չարաշահեք դժվարամարս կամ միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ: Որպեսզի չլինեն նման խնդիրներ, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`
1. Սահմանափակե՛լ տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը.
Տոնական օրերին պետք է սահմանափակել տապակած, յուղոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը պետք է տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդին:
2. Սահմանափակե՛լ շաքարի օգտագործումը.
Շաքարի օգտագործման չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածքներ, կրեմային հրուշակեղեն, հյութեր և գազավորված ըմպելիքներ, կոնֆետներ:
3. Նախապատվությունը տա՛լ մրգին և բանջարեղենին.
Խորհուրդ է տրվում ավելի հաճախ օգտագործել բանջարեղենային կերակրատեսակներ, թարմ միրգ և բանջարեղեն, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարերով և ածխաջրերով:
4. Սնվե՛լ չափավոր.
Սնունդը պետք է ընդունել քիչ քանակներով, ընդմիջումներով: Պետք չէ փորձել սեղանին դրված բոլոր կերակրատեսակներից: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը:
5. Պահպանե՛լ սննդի ընդունման ռեժիմը.
Հնարավորինս պետք է պահել սնման ճիշտ ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների
սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ:
6. Սահմանափակե՛լ ալկոհոլի օգտագործումը.
Պետք չէ օգտագործել ալկոհոլային խմիչքներ: Իսկ օգտագործելու դեպքում, չի կարելի չարաշահել: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել