Խորեն Հովհաննիսյան. հայազգի առաջին ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում (1982թ.): Խորեն Հովհաննիսյանը Երևանի «Արարատի» մարզաշապիկը առաջին անգամ հագավ 1974 թվականին, երբ ընդամենը 19 տարեկան էր: Հինգ տարի գերազանց արդյունավետությամբ և կախարդական նշանառությամբ հանդես գալով «Արարատի» հարձակման գծում՝ Հովհաննիսյանը հրավիրվեց ԽՍՀՄ հավաքական: 1982 թվականի հուլիսի 1-ին Խորեն Հովհաննիսյանը խփում է պատմական գոլ հայկական ֆուտբոլի համար. Բելգիայի ընտրանու դարպասը խփած գոլը առայժմ միակ գոլն է, որը Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլի հանդիպումներում լուսատախտակին հայ ֆուտբոլիստի անուն է վառում: ԽՍՀՄ հավաքականում ֆուտբոլիստն անցկացրեց հինգ տարի, այդ ընթացքում մասնակցելով 34 խաղի՝ խփելով 6 գնդակ: Իսկ «Արարատի» գույները նա պաշտպանեց 11 տարի (1974-1985): «Արարատի» կազմում արդյունքները նույնպես տպավորիչ են՝ 295 խաղ, 113 գոլ: 1986-ից 1988 թվականներին նա խաղացել է Երևանի «Արաբկիրի» կազմում, որից հետո ևս երկու տարի հանդես է եկել Տաշքենտի «Պախտակոր» ակումբում: Ֆուտբոլային տարիների ընթացքում Հովհաննիսյանը բազում բարձունքների է հասել. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976թ. Գարնանային առաջնության արծաթե մեդալակիր, ֆուտբոլիստի հաջողակ կարիերա, որին հաջորդում է մարզչական գործունեությունը, և այլն: Հայտնի մասնագետը 1996-1997 թվականներին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն էր, որից հետո էլ՝ մինչև 2006 թվականը Խորեն Հովհաննիսյանը նպաստում էր հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ մարզելով Երևանի «Փյունիկ» ֆա-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել