Այսօր «Անկախ» թերթի խմբագրություն էր զանգահարել մի տատիկ և ասում էր. «Աղջիկ ջան, ես 80-
նն անց կին եմ: Էս մեր եպիսկոպոսը (ի նկատի ուներ` կաթողիկոսը), մեզ արդեն զզվացրել ա»:
Ասացի` ի՞նչ է պատահել տատի ջան, ինչո՞վ է զզվացրել:
Ասաց. «Ամբողջ օրը իրա բանն ու գործը թողած` է´ս համերգին ա գնում, է´ն համերգին ա գնում, նստած ուրախանում ա, ծափ ա տալիս, փոխանակ շաբաթ օրերին գոնե իր ժողովրդի հետ լինի»:
Ասացի. «Տատի ջան, ես Ձեզ լրիվ հասկանում եմ, բայց ինչո՞վ կարող եմ օգնել»:
Պատասխանեց. «Ուղղակի իրան ասեք, որ մեզ չզզվացնի, մի քիչ էլ մեր մասին մտածի, մենք թոշակառու, ծեր մարդիկ ենք, մեզ միայն եկեղեցին է մնացել, ասեք, որ իրա պատճառով եկեղեցին մեր աչքից չգցի»:
Վերջում էլ ավելացրեց. «Անպայման կասես, չէ՞, աղջիկ ջան…»:
Հորդոր կաթողիկոսին
«Վեհափա´ռ տեր, քանի որ չցանկացա ծեր կնոջը հիասթափեցնել` ասելով, որ դժվար թե Ձեզ երես առ երես հանդիպեմ, բայց միևնույն ժամանակ խոստացա, որ տեղ կհասցնեմ իր հորդորը, ուստի գրում եմ այստեղ` հույս ունենալով, որ կկարդաք այն կամ ավելի ճիշտ` Ձեզ կփոխանցեն:
Ճիշտ է, հստակ չէ, թե այդ տարեց կինը «շաբաթ օրերին իր ժողովրդի հետ լինեք» ասելով ինչ ի նկատի ունի կամ ստույգ ինչ է ակնկալում Ձեզանից` ասելով, որ մի քիչ էլ իրենց մասին մտածեք, մի բան ակնհայտ է. մարդիկ Ձեր կարիքն ունեն, մարդկանց ինչ որ բան պակասում է, ինչը նրանք ուզում են ստանալ եկեղեցուց, Ձեզանից: Միգուցե նրանք չգիտեն` ի´նչ և ինչպե´ս պահանջեն, բայց այն, որ կա հոգևոր քաղց, դա փաստ է: Ուստի, խնդրում եմ` մտածե´ք ծեր կնոջ հորդորի մասին և մի քիչ էլ տարեցների ու ծերերի մասին մտածեք, իսկ թե ինչպես, Դուք երևի ավելի լավ կիմանաք»: