Tert.am-ը գրում է.
Հայաստանի իշխանությունները բավական լուրջ ռազմավարություն են մշակել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դրված հակահայկական երկու զեկույցների առնչությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
 
Հարցին՝ ԵԽԽՎ լիագումար նիստում մեկ ամիս է մնացել, ի՞նչ քայլեր է նախապատրաստել խորհրդարանը Ռոբերտ Ուոլթերի հայտնի զեկույցի և Սարսանգի ջրամբարի հետ կապված հարցերի առնչությամբ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բավական լուրջ ռազմավարություն ունենք, մինչև ԵԽԽՎ լիագումար նիստը ինչ անհրաժեշտ է հերթականությամբ կարվի: Երկու հարցերի դեպքում էլ անհրաժեշտ քայլերն արվելու են»:

Հետաքրքրվեցինք՝ ԱԺ-ն իր անունից հայտարարություն կանի՞: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ԱԺ անունից եթե հայտարարություն արվի միանգամից իրավիճակը կփոխի՞… Եթե իմանանք, որ իրավիճակը կփոխվի, բնականաբար, կանենք, բայց դուք էլ գիտեք, որ հայտարարություններով չէ, որ հարցը լուծվում է, հարկավոր է աշխատել: Իհարկե, ինչ անհրաժեշտ է ուղարկվել է այնտեղ, մեր կարծիքը, մեր պատվիրակության կարծիքը, մենք ուղարկել ենք»:

Խորհրդարանի խոսնակը հիշեցրեց, որ Ռոբերտ Ուոլթերի հարցի առնչությամբ հայտարարություն է արել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: «Սա էլ է աշխատանք»,- նշեց նա:

Անդրադառնալով կարծիքներին, թե ԵԽԽՎ-ում արդեն թվով երկրորդ հակահայկական զեկույցը ՀՀ արտաքին քաղաքականության ձախողման արդյունք է, Գ. Սահակյանը չհամաձայնեց. «Ոչ, ձախողում չէ, ձախողումներ չի կարելի տեսնել: Մի մոռացեք, որ ԵԽԽՎ-ում 350 պատգամավոր կա, իսկ մենք չորս ձայն ունենք: Որևէ ձախողում չկա, պարզապես աշխատել է պետք»: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել