Tert.am-ը գրում է.
Եթե ադրբեջանական կողմն իսկապես հետաքրքրություն ցուցաբերի հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, ապա սահմանային իրավիճակը կկայունանա: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Վերջինս շեշտեց, որ հակառակ դեպքում ՀՀ կողմից կձեռնարկվեն Ադրբեջանին զսպելու միջազգային մեխանիզմներ: Որոշակի քայլեր արդեն իսկ արվում են:

- Վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում կշտամբեց անվտանգության խորհրդի անդամ-պետություններին՝ ադրբեջանական կողմի սադրանքների վերաբերյալ դիրքորոշում չարտահայտելու համար: Նա ասաց, որ ադրբեջանական կրակոցները ոչ միայն Երևանի դեմ են, այլև՝ Բիշքեկի, Աստանայի, Մոսկվայի, Մինսկի… Կարծիքները, թե ինչո՞ւ նախագահը հանդես եկավ նման հայտարարությամբ, տարբեր են: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը:

- Օրերս ՀԱՊԿ խորհրդի նիստում Հայաստանի նախագահը խոսեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ ՀԱՊԿ-ի շրջանակներում հետաքրքրության և քննարկումների բացակայության մասին այն պարագայում, երբ Հայաստանը դաշնակից երկիր է: Մինչ այդ Հայաստանը ՀԱՊԿ որոշ անդամների նկատմամբ դժգոհություն էր հայտնել այն պատճառով, որ նրանք զենք են վաճառում Ադրբեջանին՝ ստեղծելով վտանգավոր դիզբալանս հակամարտության գոտում: Քանի որ Հայաստանի նախագահը ներկայումս նաև Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի նախագահողն է, նա հարկ համարեց պետությունների ղեկավարներին հիշեցնել ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների մասին՝ նշյալ կառույցում ներքին համերաշխության առումով:

-Ի՞նչ եք կարծում, եթե մինչ այս ՀԱՊԿ-ը և դրա առանձին անդամ-պետությունները սահմանային լարվածության վերաբերյալ որևէ դիրքորոշում չեն հայտնել, ինչո՞ւ պետք է հիմա վերաբերմունք հայտնեն: Որևէ հայտարարություն ՀԱՊԿ-ի կողմից կլինի՞:

- Հայաստանի Հանրապետության և Արցախի Զինված ուժերը հաջող դիմակայում են Ադրբեջանի մարտահրավերներին: Հակառակ դեպքում Հայաստանը կարող էր հանդես գալ հայտարարությունների և այլ միջոցների ընդունման նախաձեռնությամբ: Հայաստանի նախագահը ՀԱՊԿ անդամներին նախատեց համերաշխության բացակայության և նեղ շահադիտական այն քայլերի համար, որոնք ուղղված են հայտարարված ընդհանուր շահերի դեմ:

-Պարոն Մայիլյան, ամեն դեպքում ռուս քաղաքական գործիչները, քաղաքագետները նախագահի վերոգրյալ հայտարարության վերաբերյալ տեսակետներ հայտնելուց ասում են, որ ՀԱՊԿ-ն ամենայն հավանականությամբ այդպես էլ որևէ գնահատական չի տա: Վերլուծաբան Մոդեստ Կոլերովը, օրինակ, Tert.am-ին ասել էր, որ մինչև նախագահը չդիմի ՀԱՊԿ-ին, որևէ հայտարարություն լինել չի կարող:

- Այստեղ կարող են զանազան վարկածներ լինել: Օրինակ, ծանոթ լինելով կառույցի ներքին իրավիճակին, հայկական կողմը միգուցե չի էլ փորձել ՀԱՊԿ-ից քաղաքական աջակցություն ստանալ՝ հայտարարության տեսքով: Կամ միգուցե քաղաքական նման աջակցություն ստանալու անհրաժեշտություն չի եղել, որովհետև ադրբեջանական կողմը, չնայած իր բոլոր ջանքերին ու կորուստներին, չի կարողացել փոխել սահմանային իրավիճակը ու մինսկյան գործընթացի շրջանակներում Երևանից ու Ստեփանակերտից միակողմանի զիջումներ կորզել:

- ՀԱՊԿ նիստին նախորդեց երկու նախագահների հանդիպումը: Մինսկի խմբի ջանքերով այս հանդիպումն ի վերջո տեղի ունեցավ, բայց որևէ արդյունք, ըստ տեսակետների, չտվեց, որովհետև սահմանային լարվածությունը դրա արդյունքում չմեղմացավ: Հակառակը՝ Ադրբեջանը կիրառեց ականանետեր, տանկեր և այլ ծանր տեխնիկա: Եթե նախագահների հանդիպումն անգամ սահմանային լարվածության նվազման առումով արդյունք չի տալիս, ուրեմն ի՞նչ է տալիս այն:

- Բարձր մակարդակով երկխոսությունը, այդ թվում՝ դեմ առ դեմ, օգտակար է կողմերի դիրքորոշումներն ընկալելի դարձնելու համար, անգամ եթե նման երկխոսությունը չի տալիս շոշափելի արդյունքներ: Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հակամարտության կարգավորման գործընթացն այնքան է բարդացել, որ նախագահների հանդիպման փաստն ինքնին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբն իբրև բանակցային ձևաչափ պահպանելու հանգամանքն արդեն իսկ արդյունք է: Մինսկի խմբի համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ նախագահները սատարում են միջնորդների աշխատանքը՝ ուղղված հրադադարի ռեժիմի խախտման ռիսկերի նվազեցմանը, ներառյալ հետաքննության մեխանիզմը, որին Հայաստանն ու Արցախը միշտ էլ կողմնակից են եղել: Ադրբեջանը, սակայն, հետաքրքրված չէր այս հարցի լուծմամբ, քանի որ վերահսկողության մեխանիզմի բացակայությունը ադրբեջանական զինված ուժերին հնարավորություն է տալիս պատասխանատվություն չկրել հրադադարի ռեժիմի պայմաններում Ադրբեջանի և Արցախի սահմաններին կատարվող սպանությունների համար: Թե որքանով են փոխվել ադրբեջանական կողմի մոտեցումները՝ պարզ կդառնա մոտ ժամանակներս: Եթե ադրբեջանական կողմն իսկապես հետաքրքրություն ցուցաբերի հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ, ապա սահմանային իրավիճակը կկայունանա: Հակառակ դեպքում կձեռնարկվեն Ադրբեջանին զսպելու միջազգային մեխանիզմներ: Որոշակի քայլեր արդեն իսկ արվում են:

- ՊՆ մամուլի խոսնակը հայտարարեց. «Կարծում եմ՝ ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, և չի մնացել որևէ մի մասնագետ, մի փորձագետ, մի վերլուծաբան, որ այս իրավիճակը պատերազմով չի գնահատում: Սա պատերազմ է: Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը և չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Սա լայնածավալ պատերազմի մեկնա՞րկ է:

- Հաշվի առնելով հրադադարի ռեժիմի խախտումների ու հրետակոծությունների հաճախականությունը, օգտագործվող զինատեսակների տրամաչափերը և այլ գործոններ, իհարկե, սահմաններին առկա իրավիճակը կարելի է նաև պատերազմական անվանել։ Համենայն դեպս, տեղական մակարդակով հաճախացել են մարտական ընդհարումները։ Հայաստանի ՊՆ գնահատականների տրամաբանությունը հասկանալի և ընդունելի է. հայ հանրությունը չպիտի ինքնահանգստացմամբ զբաղվի, և մենք իրավունք չունենք բացառելու դեպքերի ռազմական զարգացումը։ ՀՀ-ն և ԼՂՀ-ն պիտի պատրաստ լինեն արժանապատվորեն ընդունելու այդ մարտահրավերը։ Այս դեպքում մարտական գործողությունների սկսման հավանականությունը կնվազի։

Մյուս կողմից էլ՝ հարկ է ռազմական ու քաղաքական-դիվանագիտական համալիր մեթոդներով ադրբեջանական ղեկավարությանը վերադարձնել կառուցողական հուն, որպեսզի այդ երկիրը կատարի իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում 1994 թվականի մայիսի 12-ին կնքված հրադադարի եռակողմ անժամկետ պայմանագրի պահպանման ուղղությամբ։ Նման մոտեցումը միանգամայն գործնական է, քանի որ ավելի հեշտ է կողմերից մեկին ստիպել պահպանել իր իսկ կողմից արդեն ստորագրված փաստաթուղթը, քան հասնել նոր փաստաթղթի ստորագրմանը։ Հենց դրան են ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից աջակցություն ստացած՝ Ռոյսի-Էնգելի նախաձեռնությունը, Հելսինկյան հանձնաժողովի կողմից առաջարկված HR 4264 օրինագծի հնարավոր ընդունումը ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանի նախագահի ելույթը և այլ քայլեր։
 
Եթե Երևանում համարեին, որ լայնածավալ պատերազմ է ընթանում, ապա ՀՀ-ն կանցներ հատուկ իրավական ռեժիմի՝ ռազմական դրության ռեժիմի, և ԼՂՀ անկախությունը պաշտոնապես կճանաչվեր Հայաստանի կողմից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել