Տարվա ամփոփում 2:
Անցնող տարին բավականին դժվարամարս էր Թուրքիայի համար: Հենց տարվա սկզբից ակնառու էր, որ Թուրքիայում թուրք-քրդական հակամարտությունը նոր որակական փոփոխություն է կրել: Փետրվար ամսին PKK-ն Թուրքիայի հարավարևելյան շրջաններում մտցրեց լարվածություն, որը բերեց զանգվածային ռազմական բախումների, պարտիզանական հարձակումները վերածվեցին ավելի լուրջ բախումների: Անցնող տարում մի քանի անգամ տարբեր նահանգներում, թեկուզ և կարճ ժամանակով, բայց հռչակվեցին քրդական ինքնավարություններ, որը նոր խոսք էր այս հակամարտության պատմության մեջ: Թուրքիայի ներքին քաղաքական կյանքը ևս հանդարտ չանցավ: Թուրքիան ստիպված եղավ երկու անգամ անցկացնել խորհրդարանական ընտրություններ՝ այդպես էլ գաղտնի պահելով ընտրությունների վրա ծախսված գումարի չափը: Էրդողան-Դավութօղլու ներքին հակասությունն իր գագաթնակետին հասավ արտահերթ ընտրություններին ԱԶԿ-ի պատգամավորական ցուցակը կազմելիս: Էրդողանը քաղաքական ապտակ հասցրեց Դավութօղլուին՝ Դավութօղլուի կողմից կազմված ցուցակից հանելով Դավութօղլուի մարդկանց: Թուրքիան արտաքին քաղաքականությունում ևս ձախողումների պակաս չունեցավ: Ասադին հեռացնելու մոլուցքով լցված՝ ակամայից հարաբերությունները վատացրեց Ռուսաստանի հետ՝ ընդհուպ այն հասցնելով պատերազմական վիճակի: Վատ հարաբերություննր հաստատեց Իրաքի և Իրանի հետ:
Թուրքիայի տնտեսությունն ու արդյունաբերությունը զգալի վնասներ կրեցին տարվա երկրորդ կեսից: Նախ՝ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում փակվեցին համարյա բոլոր հանքահորերը, քանի որ դրանք այլևս իրենցից վտանգ էին ներկայացնում ռազմական գործողությունների պատճառով, այնուհետև Ռուսաստանը, Իրանը կիրառեցին տնտեսական պատժամիջոցներ: Այսպիսով` Թուրքիան, եթե նման տեմպով շարժվի 2016թ.-ին, ապա ես 2016թ.-ի վերջում ամփոփիչ գրառման մեջ Թուրքիայի մասին պետք է խոսեմ անցյալ ժամանակով:
Հ.Գ. Որքան հնարավոր էր՝ կարճ կապեցի։
Տարվա ամփոփում 1-ը` տես այստեղ (խմբ.)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել