Lurer.com–ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Իսրայելին ներկայացնել Ռուսաստանի քաղաքացի Բուրկովի (անունը չի նշվել) ձերբակալման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը և կազմակերպել ՌԴ հյուպատոսի հետ ձերբակալվածի հանդիպումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС գործակալությունը, Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանությունից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 13-ին Իսրայելի միջազգային օդանավակայաններից մեկում երկրի ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացուն:
Ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, ռուսական կողմի հարցմանն ի պատասխան` Իսրայելից հայտնել են, որ ձերբակալությունն իրականացվել է` ԱՄՆ համապատասխան մարմինների կարգադրության համաձայն:
Ռուսաստացի պաշտոնյան նշել է, որ խստորեն դատապարտում են ամերիկյան օրենսդրության կիրառման հերթական դեպքը իր տարածքից դուրս: «Սա անընդունելի պրակտիկա է, որն արդեն խրոնիկ բնույթ է կրում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Իսրայելը կհրաժարվի արտահանձնել ձերբակալվածին Ռուսաստանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել