Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիան 1949թ. մասնատվեց երկու մասի` Արևելյան Գերմանիան հայտնվեց ԽՍՀՄ ազդեցության գոտում: Այնտեղ տեղական կոմունիստական ղեկավարությունը փորձում էր հաստատել սոցիալիզմ սովետական մեթոդներով, այսինքն՝ բռնի կոլեկտիվացում և բռնաճնշումներ: Այդ ընթացքում տասնյակ հազարավորները ձերբակալվեցին կամ արտագաղթեցին: Հասարակական դժգոհությունը գնալով աճում էր:
1953թ. հունիսի 15-ին Արևելյան Բեռլինի քաղաքային հիվանդանոցներից մեկի մի խումբ աշխատակիցներ դուրս են գալիս գործադուլի աշխատանքային պայմանների բարելավման համար: Հետագա երկու օրվա ընթացքում տասնյակ հազարավորներ դուրս են գալիս բողոքի ցույցերի: Այս ցույցերն արդեն լոկ սոցիալական խնդիրների շուրջ չէին, այլ ուղղված էին կոմունիստական վարչակարգի դեմ: Իրավիճակը տեղական կառավարության համար դառնում էր այն աստիճան անվերահսկելի, որ Մոսկվայից Բեռլին է ժամանում Լավրենտի Բերիան: 1953թ. հունիսի 17-ին ԳԴՀ-ում գտնվող սովետական զորքերը մուտք գործեցին Արևելյան Բեռլին՝ նպատակ ունենալով ճնշել տեղական բողոքի ցույցերը: Արևելյան Բեռլինում մարդիկ սովետական տանկերի դեմ կռվում էին քարերով: Սովետական զինվորների կողմից սպանվեց 55 քաղաքացի: Հետագայում՝ 1990թ. սովետական արխիվում պահպանված փաստաթղթերի գաղտնազերծումից հետո, պարզվեց, որ զոհերի թիվը շուրջ 125 էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել