Tert.am-ը գրում է.
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ներկայացվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բեռն և Մոսկվա կատարած այցից մանրամասներ: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ևս մեկ անգամ հաստատվել է, որ ՀՀ դիրքորոշումը Արցախի հիմնահարցի վերաբերյալ փոփոխություն չի կրել:

«Մենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն  այլընտրանք չի կարող ունենալ: Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, ինչ ունի այսօր, իսկ փաստացի այսօր Արցախը անկախ հանրապետություն է»,- ասաց նա:

Շարմազանովը խոսեց նաև Մոսկվայում կայացած ՀԱՊԿ նիստին ՀՀ նախագահի ելույթից: Ըստ նրա՝ իրենք չափազանց կարևորում են ՀՀ-ի անդամակցությունն այդ կազմակերպությանը:«Բայց ՀՀ նախագահի խոսքը նախևառաջ ՀԱՊԿ նախագահող երկրի ղեկավարի խոսք էր, որը բխում էր ՀԱՊԿ-ի շահերից: Անհնար է լինել մի քաղաքական բլոկում և չտեսնելու տալ այն խնդիրները, հարվածները, կրակոցները, որոնք ուղղվում են քո դաշնակցի ուղղությամբ»,- ասաց նա և նշեց, թե ելույթը բխում էր ինչպես  ՀԱՊԿ-ի ընդհանուր շահից, այնպես էլ հայության ու ՀՀ քաղաքացիների շահերից:

«Նաև ուղղված էր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում ընդունել են դիրքորոշում, որը չի բխել ՀԱՊԿ շահերից, պաշտպանել են այն երրորդ երկրներին, որոնք ՀԱՊԿ անդամ չեն և տարբեր կազմակերպություններում ընդունել են որոշումներ, որոնք չեն բխում բանակցային տրամաբանությունից, և հակասում են  Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին»,- ասաց նա: 

Շարմազանովը անդրադարձավ նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ սահմանին տեղի ունեցածն այլևս հրադադարի խախտում չէ, այլ պատերազմ: ԱԺ փոխխոսնակի պնդմամբ չի կարելի ասել, որ մենք պատերազմում ենք:

«Բնականաբար սա խաղաղություն չի, բայց պատերազմ էլ չի: Պատերազմն այլ բան է, պատերազմ էր 1991, 92, 93, 94թթ-ին, մենք պետք է ձգտենք, որ խաղաղությունը հաղթի, հասնենք նրան, որ պատերազմ չլինի և պետք է հայացքներս ուղղենք անվտանգության ամրապնդմանը»,- ասաց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել