1870-ական թվականներին ռուս կայսր Ալեքսանդր 2-րդի օրոք երկրում իրականացվեցին քաղաքային կառավարման բարեփոխումներ: Կայսրության քաղաքներում սկսեցին ստեղծվել ինքնակառավարման մարմիններ՝ քաղաքային խորհուրդ (դումա) և քաղաքային գործադիր մարմին (ուպռավա), որոնց ղեկավարում էր քաղաքապետը (քաղաքագլուխ): Նույնը եղավ նաև Երևանում, և ընդհանուր առմամբ ռուսական իշխանության տարիներին Երևանն ունեցավ տասը քաղաքագլուխ, բոլորն էլ հայեր, իսկ առաջին քաղաքապետը դարձավ Հովհաննես Ղորղանյանը (1879-1884)։ Հովհաննես Զուրաբի Ղորղանյանը ծնվել է 1833 թվականին Թիֆլիսում, տոհմական հայ ազնվականի ընտանիքում։ 1853-1855 թթ. Ղորղանյանը մասնակցել է Ղրիմի պատերազմին Կովկասյան ճակատում։ Թիֆլիսի ռեալական գիմնազիան ավարտելուց հետո նա անցնում է պետական ծառայության, այնուհետև տեղափոխվում է Երևան և աշխատում Երևանի գավառական ուսումնարանում։ Դրան զուգահեռ Ղորղանյանն աշխատել է նաև Երևանի զինվորական նահանգապետի գրասենյակում՝ զբաղեցնելով զանազան պատասխանատու պաշտոններ։ Ծառայության ընթացքում նա հասել է մինչև պետական խորհրդականի աստիճանի և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել շքանշաններով:
1877-ին Կովկասի փոխարքայի հրամանով Ղորղանյանը կազմակերպում և գլխավորում է Երևանի քաղաքային ինքնավարությունը։ 1879 թվականին, Ռուսական կայսրության մյուս քաղաքների նման, Երևանում նույնպես կայացան քաղաքային անդրանիկ խորհրդի ընտրությունները, որից հետո Հովհաննես Ղորղանյանը նշանակվեց Երևանի առաջին քաղաքագլուխ։ Նրա պաշտոնավարությունը տևում է 5 տարի՝ 1879-ի սեպտեմբերից մինչև 1884 թվականի հոկտեմբերը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=909472035833996&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



