Օրերս Երևանի «Դալան» ցուցասրահում և «Carpe Diem» սրճարանի սրահում անցավ երիտասարդ դիզայներ Ռուբեն Մելիքյանի գեղանկարների ցուցահանդեսը: Առաջին հայացքից ամեն ինչ սովորական է ցուցահանդեսների համար. ևս մեկ տաղանդավոր հայ երիտասարդ ներկայացնում է իր հետաքրքիր և իմաստալից նկարները: Սակայն կա մի նրբություն. ներկայացված բոլոր գեղանկարները ստեղծված են համակարգչի միջոցով:
Ո՞րն է տարբերությունը նկարչության այս և ավանդական ձևերի միջև: Համակարգիչը զուտ տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է տալիս: Նկարչի տրամադրության տակ հայտնվում է աներևակայելի մեծ գունային ընտրություն, պատկերը ցանկացած չափով մեծացնելու հնարավորությունը թույլ է տալիս մանրակրկիտ աշխատել նկարի ամենափոքր մասնիկների վրա: Ստեղծագործելու ժամանակ նկարիչն առանց աշխատանքը նորից ու նորից վերսկսելու կարողանում է փոխել նկարի ձևը, տեսքը, կոմպոզիցիան և շեշտադրումները մի քանի վայրկյանում, չկորցնելով կատարածը, փոխել պատկերների համաչափությունը, չափը, տեղը: Մի խոսքով, «ստեղծագործական տառապանքները» հասնում են նվազագույնի. նկարիչն ազատվում է զուտ տեխնիկական դժվարություններից, և նրան արդեն ոչինչ չի խանգարում` ոչ տանջալի աշխատանքը, ոչ էլ ինչ-որ բան կորցնելու վախը: Եվ մնում է միայն ստեղծագործել:
Տաղանդի պակասը համակարգիչը ոչ մի բանով չի լրացնի. միևնույն է, մարդն է, որ ստեղծագործում է և կտավին հանձնում իր գաղափարները, աշխարհայացքը և գեղեցիկի ընկալումը: Իսկ այն, որ Ռուբեն Մելիքյանը գեղանկարչի մեծ շնորհք ունի, ակնհայտ է: Նրա կտավներն (համակարգչային նկարչության արդյունքը գունավոր տպիչի միջոցով հանձնվում է կտավին) իրապես հուզիչ են: Նրանք հյուսված են զգացմունքներից, խորհրդանշաններից և այն տարրերից, որոնք ավելի բնորոշ են անտեսանելի, մտքում ակնթարթորեն ծագող ու անհետացող պատկերներին, որոնք կոչվում են ներաշխարհ:
Եվ Ռուբենն այդպես էլ անվանեց իր ցուցահանդեսը` «Ներաշխարհ»:
- Ես մանկուց եմ նկարում,- ասում է Ռուբենը: - Եվ այն ժամանակից երազել եմ ստեղծել մի այնպիսի նկար, որ բոլոր մարդկանց մեջ` մեծ և փոքր, կիրթ և պարզունակ, չար և բարի, առաջացնի մեկ զգացմունք` բարություն: Տարիների ընթացքում հասկացա, որ այս երազանքը գուցե և անհասանելի է, և ես սկսեցի այս բարությունը փնտրել առանձին-առանձին` ամեն տեսակ մարդու հոգում ու համոզվեցի, որ բարությունն ապրում է ամեն մեկի մեջ: Եվ այս` ամեն մարդու հոգու խորքում թաքնված բարությունը, ես այժմ փորձում եմ գտնել, տեսնել և արտացոլել իմ նկարներում:
Ռուբեն Մելիքյանը 26 տարեկան է: Կրթությամբ` դիզայներ: Երկար տարիներ սովորել է արտասահմանում: Եվ այժմ, վերադառնալով Հայաստան, ստեղծել է արվեստների իր «Dream in Art» դպրոցը: Նա զբաղվում է նաև անիմացիայով ու համակարգչային խաղերի մշակմամբ և ստեղծմամբ: Իր երազանքը, որի իրականացման համար նա արդեն աշխատում է` ստեղծել համակարգչային այնպիսի մի խաղ, որը կհնչեցնի ժամանակակից հայ երիտասարդների շնորհքը ողջ աշխարհում: Ինչպես դա արել են հայ ստեղծագործողների նախորդ սերունդները: