syria-2Չինաստանը Սիրիայի կառավարությանը կհատկացնի մոտ 6,2 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ հայտնում է TASS-ը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմի հետ բանակցությունների արդյունքներով:
Վան Ին հավելել է, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է դիտարկել առանձին շրջաններում կրակի դադարեցման ռեժիմի ներմուծման հնարավորությունը` ընդդիմության ներկայացուցիչների հետ խաղաղ գործընթացի զարգացման համար:
Վալիդ Մուալեմը իր հերթին հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը սպասում է ընդդիմության ներկայացուցիչների ցուցակին՝ Ժնևում բանակցություններին մասնակցելու համար:
Սիրիայի ԱԳ նախարարը նաև ավելացրել է, որ երկիրը Չինաստանից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում է ջանքերի ավելացում դրսից զինված ահաբեկիչների ֆինանսավորումը կանխելու համար:
Վան Ին հայտնել է, որ Չինաստանը և Սիրիան կառավարության և ընդդիմության միջև խաղաղ գործընթաց սկսելու համար մշակել են երեք սկզբունք: Առաջինն այն է, որ ճգնաժամի քաղաքական կարգավորման համար երկուսն էլ պետք է հետևեն ընդհանուր ուղղության: Երկրորդ՝ Սիրիայի ապագան պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը ինքնուրույն, և երրորդ՝ որպես կողմերի միջև միջնորդ ՄԱԿ-ը պետք է առաջատար դեր խաղա:
«Այդ երեք կարևոր սկզբունքները պետք է պահպանվեն ճգնաժամի կարգավորման քաղաքական ուղի փնտրելու ողջ գործընթացի ընթացքում»,- ընդհանրացրել է Վան Ին:

Վալիդ Մուալեմը եռօրյա այցով Չինաստան է մեկնել դեկտեմբերի 23-ին: Ինչպես հայտնել են Չինաստանի դիվանագիտական աղբյուրները, Պեկինը մտադիր է կազմակերպել նաև ընդդիմության ներկայացուցիչների այցը Չինաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել