Նիկիտա Սիմոնյան. անուն-ազգանուն, որն ասում է գրեթե ամեն ինչ հայկական ֆուտբոլի մասին: Հենց վերոնշյալ անվան հետ է կապված հայկական ֆուտբոլի պատմության ամենազարդարուն էջը: Մինչև Երևանի «Արարատին» ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր դարձնելը նա շնորհաշատ ֆուտբոլիստ էր: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսելով «Կրիլյա Սովետով» թիմում՝ Սիմոնյանը միանգամից ստիպեց ռուսական հայտնի թիմերին ուշադրություն դարձնել իր վրա: Արձագանքը լիովին սպասելի էր: Եվ էլ որ թիմ պիտի տեղափոխվեր այս բարձր որակի հարձակվողը, եթե ոչ ռուսական ամենատիտղոսակիր ակումբ՝ Մոսկվայի «Սպարտակ»: Եվ Սիմոնյանը «Սպարտակ» եկավ դառնալու այդ թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Անցկացրած 233 հանդիպումներում «Սպարտակի» կենդանի լեգենդը գոլի հեղինակ դարձավ 133 անգամ, որը ռեկորդային է ակումբի պատմության մեջ: Տասը տարի Սիմոնյանը նվիրեց «Սպարտակին» (1949-1959): Բացի ակումբային հանդիպումներից՝ Նիկիտա Սիմոնյանը հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում՝ 20 խաղ, 10 գոլ...
Իսկ կանաչ խոտածածկից ֆուտբոլիստը հեռացավ 1959 թվականին, բայց չհեռացավ շատ հեռու, այլ... դեպի պահեստայինների նստարան: Ասել է, թե նա սկսեց մարզչական կարիերան:
Եվս տասը տարի է նվիրում Սիմոնյանը «Սպարտակին». այս անգամ որպես մարզիչ: Իսկ 1973 թվականին նա եկավ և «Արարատի» փառահեղ հաջողությունների հիմնաքարը դարձավ:
86-ամյա Սիմոնյանը այժմ էլ եղանակաստեղծ անձնավորություն է ռուսական ֆուտբոլում և հիանալի է կատարում Ռուսական ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պարտականությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել