Մոտենում են Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Լավ, բարի, ուրախ և լուսավոր տոներ: Այս տոնական օրերը հետաքրքիր խորհրդանիշ ունեն՝ միասնության, ուրախության ու նորի ակնկալիք: Աստված տա, որ ամեն տարի այդպես լինի: Կարող ենք ասել, որ այդ տրամադրությամբ ենք տոնելու նաև այս տարին: Ճանապարհելով հին տարին՝ դիմավորենք նորը: Շատերը կասեն, թե ո՛չ տրամադրություն կա, ո՛չ էլ հալ: Ու տեղին կլինի նման տրամադրվածությունը: Այո, ունենք տնտեսական անկում, արտագաղթ, պատերազմական իրավիճակ սահմանագծերում, զոհեր, վիրավորներ, մարդկանց անիրավի ճնշումներ, և այս ամենն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով...
Բայց կարո՞ղ ենք հասկանալ, որ չկա իրավիճակ, որից անհնարին է դուրս չգալ: Ունենք հավատ մեր ուժերի հանդեպ, ունենք հույս և կամք: Ես հավատում եմ, որ ունենք ու ցանկանում եմ մի առաջարկ անել. եկեք սկիզբ դնենք ամանորյա նոր մշակույթի: Հավատում եմ, որ դանդաղ, բայց կստացվի: Մենք պետք է վերագտնենք մեր միասնությունը: Մեզ դա շատ է պետք, որպեսզի կարողանանք առնվազն միասնականորեն գիտակցել, թե ով է մեր արտաքին թշնամին: Մեզ դա պետք է, որպեսզի կարողանանք ուս-ուսի, մեջք- մեջքի տված կանգնենք ու մի լավ էդ թշնամու ջարդը տանք: Իսկ ի՞նչն է մարդուն միավորում ավելի, քան բարությունը: Եկեք սկիզբ դնենք բարության նոր ավանդույթի. համակարգենք մեր ցանկությունն օգնելու կողքինին, ով դրա կարիքն ունի:
Մեզ պետք է տեղեկություն, և այստեղ շնորհակալ կլինեմ պետական, համայնքային և եկեղեցական մարմիններին, որոնք կարող են տեղեկություն տրամադրել մեր կարիքավոր հայրենակիցների մասին, որոնց պիտի օգնենք, ինչով կարող ենք: Նոր տարին դիմավորենք՝ օգնելով կողքինին, կիսվելով հետը եղած հացով, նվերով, հնարավորությամբ: Այսպիսով մենք այն ավելի բարի կդարձնենք, ու տարին էլ այդպես կշարունակվի:
Հասկանում եմ, որ վստահություն պետական մարմինների հանդեպ չկա, և եթե իրենք ասեն, տվեք, մենք կփոխանցենք, մարդիկ չեն հավատա: Բայց եթե գոնե տեղեկացնեն մեզ անապահով ընտանիքների մասին, օրինակ՝ անուն, հասցե, ապա շատերս կցանկանանք օգնել մեր հայրենակիցներին՝ ուրախ դիմավորելու նորը: Համակարգ է պետք, որպեսզի բոլոր նրանք, ովքեր կարիք ունեն օգնության, ստանան այդ օգնությունը: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկն արդեն ստացել է օգնություն, պիտի այդ մասին նշում արվի որևէ տեղ, որպեսզի կարողանանք օգնել օգնության կարիք ունեցող մեկ այլ մարդու կամ ընտանիքի:
Իսկ օգնել կարելի է ինչպես ամենաանհրաժեշտ իրերով ու պարագաներով, այնպես էլ նվերներով ու գումարով: Այո, գիտեմ, որ շատ կազմակերպություններ ու անհատներ արդեն իսկ անում են նման բան և արդեն վաղուց: Շատ շնորհակալ եմ իրենց դրա համար և խոնարհվում եմ իրենց առջև: Բայց մեզ պետք է համակարգված մոտեցում: Մեզ նոր մշակույթ է պետք այս տոները տոնելու համար: Հասկանալ, որ համեստ սեղանի շուրջ նորի գալուստը դիմավորելը բարի գործ արած ու բավարարված շատ ավելին արժե, քան սեղանի ճոխությունը: Այդ դեպքում ամեն ինչ իրականում ավելի բարի ու ուրախ կլինի, առանց ճոխ սեղանը շուրջկալած փակված սրտերի ու արհեստական ժպիտների: Բնությունն զգում է կեղծավորությունն ու վերադարձնում նույնը: Եկեք նորովի տոնենք մեր շատ սիրված տոները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154486071453378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել