Tert.am-ը գրում է.
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, ասաց , որ չի կարծում, թե նրանց  հարաբերությունները էլ ավելի կսրվի, սակայն այն հարաբերությունները, որոնք ունեին Ռուսաստանը և Թուրքիան, բնականաբար այլևս չի վերականգնվի:
 
«Եթե հարյուր տարվա կտրվածքով նայենք, ապա ռուս-թուրքական հարաբերությունները մերթընդմերթ խիստ սրվել են, մերթընդմերթ խիստ բարեկամական են եղել: Սակայն ես կարծում եմ և պատմական իրողություններն էլ են այդ մասին վկայում, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, մասնավորապես, Կովկասում և տարածաշրջանում չեն համընկնում, և դա նշանակում է, որ ցանկացած միջազգային իրարանցման դեպքում, նրանք չեն կարող չլինել տարբեր բլոկներում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի գործոնին, ապա Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է օգտագործել Հայաստանին և  նկատեց, որ Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի առաջմղումն  անմիջապես տեղի ունեցավ Թուրքիայի կողմից Ռուսաստանի ինքնաթիռի խոցումից հետո: «Առաջին հայացքից դա շատ հայանպաստ գործողություններ են, բայց եթե խորամուխ լինենք այդ գործընթացներին, ապա կհասկանանք, որ Ռուսաստանում այսօր ոչ թե փորձում են այդ խնդիրները լուծել ի շահ Հայաստանի Հանարապետության, այլ ընդհակառակը՝ այդ խնդիրների բարձրացմամբ փորձում են ավելի բորբոքել և՛ հայ-թուրքական գոյություն չունեցող հարաբերությունները, և՛ ավելի վատ վիճակի վերածեն»,-ասաց նա:

Ըստ նրա՝ Հայաստանին մինչ հիմա հաջողվել է և կարծում է, որ այսուհետ էլ ամեն ինչ կարվի՝ այդտեղ չեզոքություն դրսևորելու համար: «Չպետք է վախենալ հստակ այդ քաղաքական մոտեցումները շարադրելուց և բացատրել  միջազգային հանրությանը, այդ թվում նաև ռուս ռազմավարական գործընկերներին, որ դա չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ, երբ որ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմանում են, դա ՀՀ-ին օգուտ չի բերում, իսկ երբ որ շատ լարվում են, դա ևս օգուտ չի բերում, ծայրահեղ դեպքում պատմությունը դա է վկայում»,-եզրափակեց  Խաչատուր Քոքոբելյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել