Մենք հասկանում ենք իրավիճակի բարդությունը, բայց պետք է առաջ շարժվել: Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում Հայաստանի և Ղարաբաղի սահմանների դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնվող սադրանքներին, ինչի մասին ՀԱՊԿ-ում խոսեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,նշեց Ռուսաստանում եվրոպական ստրատեգիական զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսևը:
«Իրավիճակը բարդ է, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված խնդիրների կծիկ կա: Մենք տեսնում ենք, հասկանում ենք, թե ինչ է հիմա կատարվում հակամարտության գոտում: Ամեն դեպքում ես չէի ցանկանան շեշտադրումն անել այս ասպեկտի վրա»,- նշեց Գուսևը:
Ռուս քաղաքագետն ասաց, որ իրեն հուսադրում է այն հանգամանքը, որ տեղի ունեցավ երկու պետությունների նախագահների հանդիպումը և շեշտեց, որ նման հանդիպումները պետք է շարունակական լինեն: «Հիշում եք՝ Սոչիում ևս հանդիպում եղավ, Ռուսաստանի ջանքերով կես տարի առաջ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին, ուստի, կարծում եմ, որ պետք է հենվել հենց սրա վրա, ոչ թե խոսել այն տարընթերցումների, թյուրիմացությունների մասին, որոնք կան հայ-ադրբեջանական հարաբերություններում: Մենք հասկանում ենք խնդրի ողջ բարդությունը, ողբերգությունը, բայց պետք է առաջ շարժվենք»,- շեշտեց Ալեքսանդր Գուսևը:
Ռուսաստանի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն էլ պատասխանելով Tert.am-ի նույն հարցին, նկատեց, որ Ռուսաստանում հասկանում են Հայաստանի մտահոգությունը:
«Հարցը կա, հասկանալի է մտահոգությունը, Սերժ Սարգսյանը չէր կարող այդ մասին նիստում չբարձրաձայնել: Իսկապես, վերջին ժամանակներում սահմանային լարվածությունը մեծացել է և կարծում եմ, որ դա կապված է ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ: Հասկանալի է, որ Ադրբեջանում էլ ամեն ինչ հարթ չէ, ինչպես դա փորձում են ներկայացնել քարոզչական իրենց մեքենաները: Այնտեղ անցան բավական դժվար ընտրություններ ու խնդիրները, որոնց դեմ կանգնած է Ադրբեջանը՝ հեշտ լուծելի չեն»,- ընդգծեց քաղաքագետը:
Ալեքսեյ Մարտինովը նկատեց, որ ադրբեջանական կողմը պրովոկացիայի է դիմել նաև նախագահների հանդիպումից առաջ, ինչը ոչ միայն Հայաստանի դեմ էր, այլև՝ հենց Ադրբեջանի նախագահի:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանին էլ բարկացրեց Ալեքսանդր Գուսևի արտահայտած միտքը, թե հայ-ադրբեջանական հարաբերություններում տեղի ունեցող սահմանային միջադեպերը «թյուրիմացություն»են:
«Ինչ թյուրիմացության մասին է խոսքը, երբ սահմանին մահանում են մեր տղաները, մահանում են ադրբեջանական կրակոցներից: Սա ոչ միայն սնայպերների, այլև՝ ծանր զենքի, տանկերի կիրառման արդյունքում է տեղի ունենում: Այստեղ տարընթերցում, թյուրիմացություն լինել չի կարող: Սրանք փոքր քայլեր չեն, սրանք պատերազմին տանող քայլեր են: Եկեք թափանցիկ խոսենք, հարցը այլ տեղում է: Թուրքիան հարվածեց ռուսական ինքնաթիռը, ինչից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնեց Ադրբեջան ու այնտեղ հայտարարեց, որ օգնելու է Ադրբեջանին ռազմական ճանապարհով լուծել հարցը: Իսկ Մինսկի խումբը, ԱՄՆ-ն խաղաղ կարգավորման կողմնակիցն են: Այստեղ պետք է լինի հստակ ընդգծված կեցվածք: Մենք խաղաղ կարգավորման կողմնակից ենք, ընթանում են բանակցություններ, ու պարբերաբար ծանր զենքի կիրառումը ողջ խաղաղության ապակայունացմանն է միտված: Իսկ Թուրքիան իր պաշտոնական հայտարարություններում դրդում է Ադրբեջանին գնալ այս քայլին»,- ասաց Մհեր Շահգելդյանը։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/23/aleksey-martinov/1882455
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



