Խոհանոցի հատակին համարյա տեղ չկա շարժվելու:
Նոր տարվա բոլոր մթերքները շարված ես հատակին, ցանցերի կամ արկղերի մեջ:
«Այս տարի էլ ինչպես միշտ որոշել էի ոչինչ չանել, բայց չի ստացվում: Դե, Նոր տարի է, բոլորն են անում»:
- Մա´մ, մամա´:
Արթնացավ, գործերս էլի կիսատ կմնան:
Դա մի այնպիսի կանչ է, որ կարող է ցանկացած կնոջ կտրել իր ամանորյա “ստոլիչնի” աղցան պատրաստելու գործից, նույնիսկ եղունգները մանիկյուր անելուց:
Վազելով գնաց դեպի փոքրիկի ննջարան:
- Արթնացա՞ր, Մանե ջան: Լա՞վ քնեցիր:
- Մա´մ, այսօ՞ր է չէ Նոր տարին, երեկ դու ասացիր:
- Այո´, գիշերը, կգա Ձմեռ Պապը, կբերի քեզ նվերներ, դու տիկնիկ էիր չէ՞, ցանկացել:
- Չէ, մա´մ, ես քույրիկ կա´մ ապերիկ եմ ցանկանում, որ ստանամ:
- Դե, քույրիկ կամ ապերիկ… դե, միգուցե տիկնի՞կ, Ձմեռ Պապն ինչպե՞ս պետք է բերի այս ցրտին քույրիկ կամ ապերիկ, Մանե´ ջան, կսառչեն ճանապարհին:
- Հեռվի՞ց է գալո՞ւ, սահնակո՞վ: Իսկ սահնակը ովքե՞ր են քաշելու:
- Շա´տ, հեռու մի երկրից, եղջերուներն են քաշելու, իսկ որտեղ որ անհրաժեշտ է կարապները, երկու կարապներ օդով, պա´րզ է:
- Չէ, ես քույրիկ եմ ուզում, որ խնամեմ նրան, կա´մ ապերիկ, որ խաղամ նրա հետ, ես կխնդրեմ Ձմեռ Պապիկին:
- Լա´վ, լա´վ, հիմա հագնվենք, հետո կտեսնենք, լա՞վ:
«Հարկավոր է զանգել Դավիթին, որ չմոռանա, ճիշտ է գրել տվել եմ, բայց էլի ինչ որ բան անպայման կիսատ կթողնի»:
Մոտեցավ հեռախոսին:
- Դավի՞թ, տուն գալիս չմոռանաս գնումները, ցուցակը գրպանդ եմ դրել: Ձմեռ Պապի պատվեր տալն էլ չմոռանա´ս, երեխան սպասելու է …
* * *
«Աստվա´ծ իմ, նորից այս Նոր Տարին, տարվա ամենադժվար օրը, նորից սկսել ամե´ն ինչ, նորից բացատրե´լ, համոզե´լ, լա´ց լինել նրանց հետ»:
Մտնելով ցանկապատի դռնակից ներս Կարինեն տեսավ շենքի բոլոր պատուհաններից իրեն նայող երեխաների հայացքները:
Արդեն տասը տարի է ինչ այս մանկատան տնօրենն է ու ամեն Նոր տարվա նախաշեմին միշտ այսպես վատ է զգում իրեն:
Մանկատան ցանկացած երեխա Ձմեռ պապիկից խնդրում է մայրիկ, կամ հայրիկ:
Այստեղ հազվադեպ է պատահում, որ երեխաներից մեկն ու մեկը ինչ որ խաղալիք ցանկանա:
Այդպես լինելու էր և այսօր, ինչպես համոզված էր ինքը՝ Կարինե Վարդանյանը:
Նա գիտեր, որ այստեղի ցանկացած երեխա առաջին հերթին պահանջում է հոգատարություն, ամեն մեկը ցանկանում է, որ իրե´ն գրկեն, գուրգուրե´ն, զբաղվե´ն իրենով ու դրան հասնելու համար անում են ամեն ինչ:
Մեկը սկսում է լաց լինել անտեղի, մյուսը սկսում է անընդհատ ինչ որ բանով խփել պատին՝ ուշադրություն գրավելու համար, մյուսը վազում, փորձում է դուրս փախչել տարածքից, մորը գտնելու հույսով…
… - Երեխաներ, այսօր մենք պետք է որոշենք, թե ով ի՞նչ է ցանկանալու Ձմեռ պապիկից, դո´ւք կասեք, ես կգրեմ, հետո միասին կուղարկենք այդ նամակը, պա՞րզ է…
- Պա´րզ է, ընկե´ր Վարդանյան:
Այդ բոլոր ձայների մեջ չլսեց Գագիկի ձայնը:
Անհասկանալի պատճառներով այդ երեխան շատ էր գրավում նրա ուշադրությունը:
Լռակյաց, միշտ բոլորից հեռու, արդեն մի քանի անգամ փախչելու փորձ կատարած Գագիկը ութ ամիս առաջ էր մեկ այլ մանկատնից տեղափոխվել իրենց մոտ:
- Ընկե´ր Վարդանյան, իսկ Ձմեռ պապիկը հեռվի՞ց է գալու, ինչո՞վ, սահնակո՞վ, ինչպե՞ս է անցնելու այդ ամբողջ ճանապարհը:
- Շա´տ, հեռու~ մի երկրից, եղջերուներն են քաշելու, իսկ որտեղ որ անհրաժեշտ է կարապները, երկո´ւ կարապներ օդով, պա՞րզ է: Դե հիմա հերթով ասե´ք,որ ես գրեմ ձեր ցանկությունները:
- Ես ուզում եմ որ մայրիկիս համար նոր, գեղեցիկ շոր բերի, երբ մայրիկս գա´ ես կնվիրեմ իրեն:
- Ես ուզում եմ հրացա´ն, որ երբ հայրիկս գա´, նրա հետ որսի գնամ:
- Ես ուզում եմ, որ ամեն օր քնելուց առաջ, ինձ գրկի իմ մայրիկը…
- Ես ինքնաթիռ եմ ուզում, որ երբ ցանկանամ մայրիկիս հետ գնամ հայրիկիս մոտ…
- Երբ մայրիկս ինձ գրկում է, իմ փորիկը չի ցավում…ես մայրիկիս եմ ուզում…
… - Գագի´կ, դու ոչինչ չցանկացար, ինչո՞ւ, մի՞թե ցանկություն չունես:
- Ես նամա´կ եմ ուզում Ձմեռ պապիկից:
- Մե´նք ենք նրան նամակ գրում, դու ասա ի՞նչ ես ցանկանում:
- Ես նամա´կ եմ ցանկանում, որտեղ լինի իմ հայրիկի ու մայրիկի հասցեն, ես ի´նքս կգտնեմ նրանց:
- Բա~յց…
- Միևնո´ւյն է, գտնելո´ւ եմ…
Գագիկը դուրս փախավ սենյակից:
* * *
Դավիթը երկար նայեց խանութի դարակներում շարված տիկնիկներին:
Չկարողացավ ընտրություն կատարել:
Մոտեցավ սպասարկող աղջիկը:
- Ես տիկնիկ եմ ուզում, ամենալա´վը, ցանկալի է, որ խոսի, դե՜, կամ բառեր ասի:
- Այն մեկը տեսնո՞ւմ եք, վարդագույն շորերով, նոր է, Ամերիկյան, մարմնի ցանկացած մասին մատով կպչում եք, ասում է այդ մասի անգլերեն անվանումը, բայց կան ավելի մատչելի գներով….
- Չէ, դա´ եմ ուզում, տվե´ք:
Մեքենայով հասավ նախորոք պատվեր տված օֆիսին:
Դավիթին դիմավորեց Ջյունանուշի շորերով գեղեցիկ մի աղջիկ:
«Ուսանողուհի է»,-անցավ Դավիթի մտքով:
- Ես Նոր տարվա գիշերը պատվիրել եմ Ձմեռ պապ ու Ձյունանուշ, կցանկանայի խոսել Ձմեռ պապի հետ:
- Մի րոպե սպասեք, հի´մա կգա:
Ձմեռ Պապն այնքան երիտասարդ էր, որ միանգամից վստահություն չներշնչեց Դավիթին:
- Գիտե՞ք, սա նվերն է, բայց իմ դուստրը անընդհատ կրկնում է, որ քույրիկ կամ եղբայր է ուզում Ձմեռ Պապիկից, պետք է մի բան մտածել,կարո՞ղ եք:
- Կփորձենք, Ձյունանուշի հետ, միայն Ձեր հասցեն գրեք, ոչ ընդհանուր ցուցակում, առանձին թղթի վրա և ժամն ասացեք, մենք պատվեր ունենք 23.00- ից մանկատանը, հետո ազատ ենք, 00.15 հազիվ հասցնենք, հարմա՞ր է:
- Հարմար է,- Դավիթը գրեց հասցեն, - անակնկալներ չե՞ն լինի, հուսամ չե՞ք ուշանա:
- Ո´չ, ի՞նչ եք ասում, մեզ մոտ սպասարկումը բա´րձր մակարդակի վրա է:
* * *
Տիկին Վարդանյանը մտավ մանկատան խոհանոց, որտեղ կարծես պետք է եռուզեռ լիներ:
Հաստամարմին խոհարարուհին վերջին պատրաստություններն էր տեսնում:
- Ընկե´ր Վարդանյան, քառասուներեք երեխայի համար ընդամենը երեսունյոթ մանդարին է, կարծես խնձորն էլ չի հերիքում:
- Իմ պայուսակում մի քանի հատ կա, կբերեմ, ամենափոքրերին կքնեցնենք, չեն դիմանա այդքան:
«Այսքան է կազմակերպիչների կամեցողությունն, ինչ արած, գոնե նվերներն ու Ձմեռ պապին մոռացած չլինեն, լրիվ կխայտառակվենք երեխաների մոտ»:
Նոր տարվան մնացել էր կես ժամ, երբ մանկատան բակ մտավ մի «Գազել» մակնիշի ավտոմեքենա:
Ավտոմեքենայից իջան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Մանկատան պահակը հեռախոսով զգուշացրեց, որ տարածք մտան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Բոլոր պատուհաններից, ամեն մեկն իր մտքի, իր երազանքների հետ` նրանց էին նայում մանկական թախծոտ աչքերը:
Նրանց դիմավորեց տնօրենն ու միանգամից հարցրեց:
- Հուսամ հասկանո՞ւմ եք թե ուր եք եկել ու պետք է շատ զգույշ լինել, նրանք շատ են տարբերվում ընտանիքներում ապրող երեխաներից:
- Մի անհանգստացեք, մենք կարող ենք…
Ձմեռ պապը,որ առաջին անգամ էր փորձում իրեն այդ դերում` զարմացած էր այդ փոքրիկ ու լուռ երեխաների վարմունքից:
. . . – Երեխանե´ր, Բա´րև Ձեզ, ե´ս Ձմեռ Պապն եմ, բերել եմ ձեզ խաղալիքներ, սկզբից կբաժանեմ նվերները, հետո մի լավ կուրախանանք… աղջիկներին տիկնիկներ, իսկ տղաներին ավտոմեքենաներ:
Ձյունանուշի հետ միասին սկսեցին բաժանել նվերները:
- Բայց ես հրացան էի ուզել…
Երեխաները լուռ, հետաքրքրությամբ սպասում էին:
- Ես, Ձմեռ պապից մայրիկիս էի ուզել…
- Ձմեռ Պապ դո´ւ չե՞ս տեսել իմ հայրիկին…
Տիկին Վարդանյանը զարմացած էր, չէ որ ցուցակն ուղարկել էր կազմակերպիչներին, ինչո՞ւ են միատեսակ նվերներ ուղարկել:
Մի փոքրիկ աղջիկ մոտեցավ ու քաշեց Ձմեռ Պապի թևքից:
- Պապիկ, իսկ իմ տատիկի համար ակնոց չե՞ս բերել, նա չի կարող առանց ակնոցի ինձ հեքիաթ կարդալ:
Ձմեռ Պապն ու Ձյունանուշը հայտնվել էին մի անելանելի դրության մեջ:
Քրտինքը ծորում էր Պապիկի դեմքից, չգիտեր ինչ աներ:
- Երեխաներ ամեն ինչ ճիշտ է, հանգստացեք,- դրությունը փորձեց շտկել Կարինեն:
- Հիմա բոլորս վերցնում ենք մեր նվերները աչքերներս փակում, մտքում կրկնում ենք ինչ-որ ցանկանում ենք ու Նոր տարում անպայման կկատարվի:
Ձմեռ Պապն անխոս, ջախջախված, նստեց աթոռին:
Ձյունանուշն անձայն լալիս էր:
Ձմեռ պապը ձեռնոցը հանեց ու ձեռքը մտցրեց գրպանը:
Երբ գրպանից հանեց թաշկինակը` գետնին ընկավ մի ծալած թղթի կտոր:
Ոչ ոք չնկատեց, բայց Գագիկը լայն բացած աչքերով նայում էր ընկած թղթին:
«Ուրեմն իսկական Ձմեռ պապ է»,-մտածեց Գագիկը, զգույշ մոտեցավ Ձմեռ պապին ու կռանալով վերցրեց թուղթը:
Թղթի կտորն անհետացավ Գագիկի գրպանում:
Միջանքում Գագիկը շտապելուց չգտավ իր վերարկում ու պատահական վերարկու վերցնելով սլացավ բակ:
- Կանգնիր, այդ ո՞ւր տղա ջան, - պահակը մոտեցավ տղային:
- Ձմեռ պապն է ուղարկել, մեքենայում բան է մոռացել, վերցնեմ տանեմ իրեն:
Պահակն անխոս գնաց իր տեղը:
Մոտենալով մեքենային, շրջանցեց, ետևի կողմից մոտեցավ ցանկապատին:
Ցանկապատի իրեն ծանոթ հատվածում, ճաղերից մեկը քաշեց, ու բացված անցքից դուր թռավ փողոց:
Բավականին վազել էր, երբ հեռվից տեսավ թե ինչպես մի կանգնած մեքենայից դուրս եկան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը ու մտան մոտակա շենքի մուտքը:
Չհասցրեց:
Մոտեցավ վարորդին:
- Քեռի´ շո՞ւտ կգա Ձմեռ պապը:
- Դու ի՞նչ ես անում այս ժամին, ինչո՞ւ տանը չես:
- Ես կորել եմ, բայց մոտս հասցեն կա, ես կարդալ չգիտեմ, չգիտեմ ինչպես գնամ:
Գրպանից հանեց ու վարորդին մեկնեց ծալած թղթի մի կտոր:
- Ոսկանյան Դավիթ, Այգեստան 15 փող, 24 տուն,- բարձր կարդաց վարորդը:
«Ուրեմն հայրիկիս անունը Դավիթ է, այդպես էլ գիտեի»,-մտածեց արդեն ցրտից դողացող Գագիկն ու ձեռքը մեկնեց վերցնելու թուղթը:
- Նստիր մեքենա, տաքացի´ր, թող գա քո Ձմեռ Պապը մի բան կմտածենք: Այստեղից այնքան էլ հեռու չէ:
* * *
Երբ Դավիթը մտավ տուն, Մանեն` դուստրը, քնած չէր:
Վազեց դեպի հայրը:
Դավիթը գրկեց, համբուրեց:
- Կօգնե՞ս ինձ, իրերը տանել խոհանոց:
- Հայրիկ, կգա՞ Ձմեռ Պապը, կբերի՞ ինչ ցանկացել եմ:
- Կգա, իհարկե, անպայման կգա: Դու քո ցանկությունը կասես նա էլ անպայման կկատարի:
Կինը` Անահիտը, սենյակում սեղանին ափսեներն էր դասավորում:
- Դավիթ, ինչո՞ւ ուշացար, ամեն ինչ արեցի՞ր, Ձմեռ պապի պատվերը…
- Այո´, այո´, ամեն ինչ կատարված է բարձր որակով, տրամադրությունս էլ լա´վ է:
- Ինչո՞ւ պետք է Մանեն քեզ նման լիներ, Աստված իմ, իր ասածի, չհամոզվող: Ինչպե՞ս ենք խաբելու նրան, ի՞նչ երեխայի մասին է անընդհատ խոսում, գլուխն այնքան ես հեքիաթներով լցրել, հիմա ի՞նչ ենք անելու:
- Լա´վ կլինի, մի´ մտածիր:
Սեղանի վրա վառվող մոմեր էին, Նոր տարին արդեն երեսուն րոպե էր ինչ անցել էր իր պարտականությունների կատարմանը:
Դավիթն ու Մանեն հանգիստ սպասում էին դռան զանգի բաղձալի ձայնին:
Անահիտն անհանգիստ գնում էր խոհանոց, գալիս սենյակ, առանց որևէ բան տանելու ու բերելու:
Ասում են ինչպես կդիմավորես` այնպես էլ կանցնի Նոր տարին:
Անցել էր քառասունհիգ րոպե, երբ հնչեց դռան զանգը:
- Վերջապե´ս,- ասաց Դավիթն ու շտապեց դուռը բացելու:
Դռան մոտ կանգնած էր Ձմեռ պապի շորերով միջին տարիքի մի մարդ, մի փոքրիկ տղայի ձեռքը բռնած:
- Դավի՞թն եք չէ, Շնորհավոր Նոր տարի, ստացե´ք երեխային, գիտե´մ, որ անհանգստացած կլինեք, բայց ոչ մի կերպ ավելի շուտ չկարողացանք գալ:
Գագիկը թողեց Ձմեռ պապի ձեռքը, վազեց ու գրկեց Դավիթի ոտքերը:
- Հայրիկ, ո՞ւր էիր այսքան ժամանակ, ես շատ եմ սպասել,- սկսեց լաց լինել:
Դավիթը կարծես կաթվածահար նայում էր ոտքերը գրկած երեխային:
Մոտեցան Անահիտն ու Մանեն:
Գագիկը գլուխը բարձրացրեց, նայեց Անահիտի աչքերին, թողեց Դավիթի ոտքերը ու «Մամա» բղավելով վազեց դեպի Անահիտը:
Անահիտն ակամայից գրկեց տղային, սեղմեց կրծքին ու հարցական հայացքով նայում էր Դավիթին:
Գագիկը գրկած Անահիտի պարանոցը լաց լինելով ասում էր.
- Մա´մ, որ ինձ գրկում ես իմ ոչ մի տեղը չի ցավում, բաց չթողնես ինձ, խնդրո´ւմ եմ:
Ձմեռ Պապի շորերով մարդը Դավիթին մեկնեց թղթի մի կտոր:
Դավիթը նայում էր իր իսկ ձեռագրով գրված իր հասցեին ու ոչինչ չէր հասկանում:
- Դե լա´վ, ինձ կներեք, ես դեռ տեղ ունեմ մեկնելու:
Ձմեռ պապը հեռացավ:
Մանեն սկզբից զարմացած նայում էր, հետո չգիտես ինչու սկսեց նա էլ լաց լինել:
Բռնեց Գագիկի տաբատի փողքը, սկսեց քաշել:
- Իջի´ր, իջի´ր, նա´ իմ մայրիկն է, չե´մ ուզում, իջի´ր, մա´մ, ի´նձ գրկիր …
Անահիտը ձախ ձեռքով գրկել էր Գագիկին, իսկ աջ ձեռքն ակամա շոյում էր իր փորը:
Հիշեց մի քանի ամիս առաջ տարած վիրահատությունն ու տարեց բժշկի խոսքերը.
«Ցավոք, Դուք մայրանալ էլ չեք կարող»:
Աշխարհի բոլոր մայրերը նման են իրար, բարի սրտերով, ջերմ ձեռքերով, թաց աչքերով…
Մայրը դա ներկա ուրախությունն է, մի ամբողջ դարաշրջան, մի այնպիսի անցյալ, որ երբեք չի մոռացվի…
- Իջի´ր, իջի´ր, նա´ իմ մայրիկն է, չե´մ ուզում, իջի´ր, մա´մ, ի´նձ գրկիր …
* * *
Ամանորի նախաշեմը մի հրաշալի օր է, երբ մարդիկ ավանդույթի համաձայն նշում են կյանքի ևս մի նոր տարի, համոզված լինելով, որ գոնե մեկին պետք են այս կյանքում:
Նոր տարին ստիպում է բացել բոլոր փակ սրտերը, դեպի բարի սիրտ տանող բոլոր ճանապարհներն ու արահետները, ցանկացած մարդու ստիպում է հավատալ հրաշքներին, գոնե մեկ րոպե, մեկ վայրկյան:
Հավատացեք հրաշքներին ու անպայման երջանկությունը կայցելի Ձեզ, չէ՞ որ այդպես ավելի հեշտ է ապրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել