Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ և Barometer.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է "Տարվա լավագույն ֆուտբոլիստ" անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Ս.թ. դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն հայտարարվել էր քվեարկության սկիզբը: Քվեարկության վերջնաժամկետն էր ս.թ. դեկտեմեբերի 21-ը. տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը:

2015-ի փակ գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 56 ֆուտբոլիստի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 47 մարդ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար բարձրագույն խմբի ակումբները ներկայացնում են իրենց ակումբների 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները:

Ապա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, Մեդիայի ներկայացուցիչները:

Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:

Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով:

Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, Մխիթարյանը վեցերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և հինգերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հենրիխ Մխիթարյանի անունը 45 անգամ նշվել է առաջին և 1 անգամ երկրորդ տեղում: Հավաքելով 228 միավոր՝ Հենրիխ Մխիթարյանը հռչակվում է 2015 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

"Տարվա լավագույն ֆուտբոլիստ" անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Ֆրանսիական "Դիժոնի" պաշտպան Գաել Անդոնյանը՝ վաստակելով 46 միավոր: Գաել Անդոնյանի անունը 11 անգամ նշվել է երկրորդ և 13 անգամ՝ երրորդ տեղում:

Հայաստանի ազգային հավաքականի և Ղազախական "Ակտոբեի" կիսապաշտպան Մարկոս Պիզելին վաստակելով 44 միավոր զբաղեցրել է երրորդ տեղը "Տարվա լավագույն ֆուտբոլիստ" անվանակարգում: Պիզելիի անունը 13 անգամ նշվել է երկրորդ և 5 անգամ՝ երրորդ տեղում:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին կհանձնվի "Ոսկե գնդակ" մրցանակը, հատուկ պատվոգիր և 4 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգև:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրած Գաել Անդոնյանին կհանձնվի "Արծաթե գնդակ" մրցանակը, հատուկ դիպլոմ և 2. 800 .000 ՀՀ դրամ դրամական պարգև:

Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրած Մարկոս Պիզելիին կհանձնվի "Բրոնզե գնդակ" մրցանակը, հատուկ դիպլոմ և 2 միլիոն ՀՀ դրամ դրամականպարգև:


Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել