ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանն, ամփոփելով անցած տարին, խոստովանեց՝ տարին բարդ էր, հատկապես արդյունաբերության ոլորտի համար, բայց այդ պայմաններում անգամ իրենք աճ են գրանցել:
«Միջազգային գործընթացներով պայմանավորած՝ գունավոր մետաղների գների անկում էր նկատվում, ռուսական շուկան անկայուն վիճակում էր, բայց անգամ նման պայմաններում այս տարվա 11 ամսվա ցուցանիշերով ունենք 4,6 արդյունաբերական արտադրանքի աճ»,-ասաց Արմեն Եգանյանը՝ այդ աճը համարելով ձեռքբերում:
Ըստ նրա՝ հանքարդյունաբերությունում 50,2 տոկոս աճ է եղել արտադրության հատվածների մասով, մշակող արտադրությունում գրանցվել է 4,2 տոկոս անկում, էլեկտրաէներգիայի արտադրության մասով արձանագրվել է 3,7 տոկոս աճ:
Մշակող արտադրության անկումը պաշտոնյան պայմանավորում է խմիչքների և նաև սննդամթերքի արտադրության անկմամբ: Իսկ աճ է գրանցել ոսկեգործության ոլորտը, հագուստի արտադրությունը, կոշիկի արտադրությունը, դեղագործական, քիմիական արտադրությունը:
«Խմիչքները, քանի որ ընդհանուր մեծ տեսակարար կշիռ ունեն դինամիկայի առումով, եթե տարեսկզբին անկումը 40 տոկոս էր կազմում, արդեն կրճատվել է 20 տոկոսի, այսինքն՝ տենդեցը դրական է»,-ասաց նա:
Արմեն Եգանյանը նշեց, որ համեմատական առավել խոշոր ընկերությունները՝ շուրջ 22-ը, այս տարի մեկնարկել են, 65-70 մլրդի ներդրում են կատարել, որը լրացուցիչ նոր 2600 աշխատատեղ է ստեղծվել:
«Ընդհանուր առմամբ արդյունաբերությամբ զբաղվողների թիվն ավելի քան 80 հազար է և գործում են 2567 ընկերություններ, որը տարեվերջին ճշգրտելու կարիք կա»,-եզրափակեց Արմեն Եգանյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/23/yeganyan/1882258
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել