Tert.am-ը գրում է.
Ի տարբերություն տարածաշրջանի այլ արժույթների, հայկական դրամը հարաբերական առումով կայուն է մնացել. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին՝ խուսափելով հայկական դրամի տատանումների վերաբերյալ այլ գնահատականից՝ այն թողնելով Արժույթի միջազգային հիմնադրամին:
Նա միաժամանակ նշեց, որ առաջին անգամ է, որ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության՝ Հայաստանում տնտեսության աճի կանխատեսումները համընկել են՝ 2016 թվականի համար 2,2% աճ:
Լորա Բեյլին նշեց, որ սեպտեմբերին իրենք ՀՀ-ի համար կանխատեսել էին 2,7 %, սակայն անցած երեք ամիսներին զարգացումները՝ ռուսական տնտեսության ավելի դանդաղ վերականգնման աճը և նավթի համաշխարհային գների անկումն անմիջապես անդրադարձ ունեցան կանխատեսումների վրա:
«Այնպես որ հաջորդ տարվա համար 2,2 % տնտեսության աճի կանխատեսումը ՀՀ-ի տնտեսական քաղաքականության քննադատումը չէ, այլ պարզապես գործող ընդհանուր տնտեսական եղանակի արտացոլումը»,-ասաց նա:
Լորա Բեյլին նշեց, որ նախատեսում են առաջիկա երեք տարիների ընթացում աճի տեմպը կլինի 2-3% ի միջակայքում:
«Մենք ասում ենք, որ 2017թ. նախատեսում ենք 2,6-ից, 2,7% տնտեսական աճ»,-ասաց նա:
Լորա Բեյլին հստակեցրեց, որ երբեմն իրենց կանխատեսումները ժամանակի ընթացում փոփոխության են ենթարկվում:
«Իհարկե, Հայաստանի պես փոքր երկրներում մենք ուշադրություն ենք դարձնում ոչ միայն ներքին տնտեսական գործոններին. այս տարի ՀՀ-ի գյուղատնտեսության ցուցանիշները բավականին տպավորիչ են, որը դրական է, բայց մենք ուշադրություն ենք դարձնում նաև այն բանին, թե ինչ է տեղի ունենում երկրի սահմաններից դուրս՝ արտերկրում, հատկապես երկրի արտահանման հիմնական շուկաներում»,-ասաց նա:
ՀԲ պաշտոնյան հավելեց, թե իրենց կանխատեսումների հիմնական նպատակն է օժանդակել բիզնեսին, կառավարությանը, որպեսզի նրանք էլ կարողանան արդյունավետ օժանդակել ընդհանուր տնտեսական զարգացմանը:
Ինչ վերաբերում է սղաճի կանխատեսումներին, ապա մշտադիտարկումները ցույց են տվել, որ հաջորդ տարի այն կմնա 4-5% շերտի միջակայքում։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել