Բաղադրիչներ
- կաթ - 170 մլ
- խմորիչ - 1,5 թ/գդ
- շաքարավազ - 2-3 ճ/գդ
- վանիլին - 1 պտղունց
- աղ - 1/4 թ/գդ
- ձու - 1 հատ
- կարագ - 50 գր
- ալյուր - 2-2,5 բաժակ
- չիր սալորի
- ջեմ ելակի
- բուսայուղ
Պատրաստման եղանակ
- Խմորիչն ու շաքարավազը լուծում ենք տաք կաթի մեջ, ավելացնում 2 ճ/գդ ալյուրը և լավ խառնում։ Անձեռոցիկով ծածկում ենք և 15 րոպեով դնում տաք տեղ։
Այնուհետև ավելացնում ենք ձուն, կտորների բաժանած փափկած կարագը, վանիլինը, աղը, մնացածն ալյուրն ու խմոր հունցում։ Խմորը 40-50 րոպեով դնում ենք տաք տեղ։
Այդ ընթացքում խմորը 2-2,5 անգամ կշատանա։
- Սկսում ենք բուլկիներին ձև տալ։ Խմորը բաժանում ենք 8 մեծ և 8 փոքր գնդի, որոնցից պետք է ստանանք 4 Ձմեռ պապ և 4 եղջերու։
Եղջերու պատրաստելու համար օգտագործում ենք 1 մեծ և 1 փոքր խմորի գունդ։ Մեծ խմորը կլոր բացում ենք և մի քիչ ուռուցիկ տեսք տալիս (դա եղջերուի գլուխն է), իսկ փոքր խմորն օվալաձև ենք բացում։
Այնուհետև կտրվածքներ ենք անում, ինչպես պատկերված է նկարում (փոքր խմորով եղջյուրներն ենք պատրաստում)։
- Եղջյուրները միացնում ենք գլխին։ Սալորաչրի կտորներից պատրաստում ենք աչքերն ու բերանը։ Նույն կերպ պատրաստում ենք մյուս եղջերուներին։
Եղջերուներին դնում ենք բուսայուղով պատած տապակի մեջ և 15-20 րոպեով տեղափոխում 170-190 աստիճան տաքացրած ջեռոցը։
«Եղջերու» բուլկիները պատրաստ են։
- Ձմեռ պապ պատրաստելու համար նույնպես վերցնում ենք 1 մեծ և 1 փոքր խմորի գունդ։ Մեծ խմորն օվալաձև ենք բացում, իսկ փոքրը` շրջանաձև։
Շրջանաձև բացած խմորը 2 մասի ենք բաժանում, իսկ օվալաձև բացած խմորի ծայրերը դեպի ներս ենք ճկում և սեղմում (ինչպես նկարի մեջ)։
Կտրած շրջանի մի կեսով Ձմեռ պապիկի մորուքն ենք պատրաստում։ Շրջանի մյուս կեսը բաժանում ենք 5 մասի` 4 փոքր և 1 մեծ։ Փոքր կտորներից մեկով քիթն ենք ձևավորում, մյուսով` գլխարկի գնդաձև զարդը։
- Մնացած երկու փոքր կտորներով հոնքերն ենք պատրաստում, իսկ մեծ կտորը ոլորում ենք և ծայրերը միացնում։ Ձևավորած գլխարկն ու հոնքերը կպցնում ենք։
Սալորաչրի կտորներով աչքերն ենք պատրաստում։ Նույն կերպ պատրաստում ենք մնացած Ձմեռ պապիկներին։
Բուլկիները դնում ենք բուսայուղով պատած տապակի մեջ և 15-20 րոպեով տեղափոխում 170-190 աստիճան տաքացրած ջեռոցը։
Պատրաստի բուլկիները ձևավորում ենք ջեմով։
- Հաճելի թեյախմություն։ Շնորհավոր Ամանոր։

Պատրաստենք ամանորյա սեղան և զարմացնենք Ձմեռ պապիկին յուրահատուկ բուլկիներով:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1-%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



