Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ամենևին նոր զարգացում չէ, այն ուղղակի իրադարձություն է, որն արդյունք չի տալիս: Ինչ վերաբերում է ՀՀ Նախագահի՝ ՀԱՊԿ-ում ունեցած ելույթին, Հայկ Մարտիրոսյանն ասաց, թե այն բավական նոր խոսք է:
 
«Նախկինում եղել են ակնարկներ, բայց այս պարագայում այդ խոսքը բավական հասցեական և հստակ էր, դա արդեն առաջընթաց է մեր կողմից: Երկար ժամանակ մենք բավական մեղմ, չափազանց հավասարակշիռ քաղաքականություն ենք վարել: Ականատես ենք լինում, որ ի դեմս նախագահի, երկիրը փորձում է ցույց տալ, որ մենք էլ գործոն ենք, և չի կարելի դաշնակից լինելով լռել, լռությամբ կատարել գործողություն, ինչը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն և բնույթին»,- ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներին ուղղված նախագահի բաց ակնարկը շատ կարևոր շեշտադրում էր: «Դա բավական կարևոր հանգամանք է: Սա արդեն նորություն է»,-ասաց քաղաքագետը:

Խոսելով սահմանային լարվածության մասին, նա նշեց, թե բանակցությունները որևէ արդյունք  չեն տալիս, և բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե բանակցությունների միջոցով հնարավոր է հակամարտությանը լուծում տալ, խորը մոլորության մեջ են:

«Գործ ունենք թշնամու հետ, որն ունի հստակ ձևակերպված գաղափարախոսություն, որից այդ էթնոսը դարերի ընթացքում երբևէ չի հրաժարվել: Մենք քանի կանք, հավերժական խանգարելու ենք այդ երկու պետություններին՝ Թուրքիային և Ադրբեջանին, հետևաբար, Թուրքիան և Ադրբեջանը որևէ կերպ խաղաղության, բանակցության և խնդրի դիվանագիտական լուծման հակված չեն և չեն գնալու: Մենք դա տեսանք Սիրիայի օրինակում և քրդերի հետ հարաբերություններում»,- նկատեց Հակ Մարտիրոսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել