Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: Այս համատեքստում ՀՀ Նախագահը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման:
Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը։
Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձևավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ»:



