Հայրենասիրությունը դրոշ վառելով չէ: Հայրենասիրությունը խալխի մոր հասցեին բացականչություներով չէ, վրեժով, քենով կամ ատելով չէ… Դրոշ վառում են և բաշիբոզուկները, ընտանիքը պղծում են ստահակները, քեն ու վրեժ են լուծում թույլերը… Հայրենիքը չի վերջանում միայն սահմանով: Հակառակը` այն սկսվում է սահմանից, սահմանի կանգնած զինվորից և հրամանատարից… սահմանին գոյամարտում կանգնած գյուղի մանկապարտեզ այցելող երեխայից, մանկատանն իր երջանկությունը սպասող և ամեն մի այցելուին սրտատրոպ իր աչուկներն աղերսով պարզող մի մանչուկից… անցումի տակ իր թոշակն արևածաղիկի վերածած` ամբողջ կյանքն իր երկրի համար ճգնած մի ալեհեր կնոջից… նոր սերունդ դաստիարակող ուսուցչից, մահի դեմ անձնվեր պայքարող բժշկից… Հայրենասիրությունը սկսվում է տանը, բակում, փողոցում, սրճարանում, ակումբում, համալսարանում` ավանդույթները պահպանելով, մեծերին հարգելով, հայեցի վարվելակերպով, պարկեշտությամբ և առաքինությամբ... Հայրենիքը մեր քարերն են, մեր այբուբենն է, մեր մշակույթն է, մեր դաշտերն ու այգիները, մեր ծիրանն ու խաղողն է… մեր նորածինները, տարեցները… Հայրենասիրությունը միայն «Հայր մերով» չէ, այլ` գթասիրությամբ, միայն իրավունքներով չէ, այլ նաև պարտականություններով... զինվորների կենացը խմելով չէ, այլ նրանց ընտանիքներին օգնելով… Հայաստանցիները միայն մենք` հայերս չենք, այլ մեզ հետ մեր հոգսերը, մեր ապրումները, մեր ցավն ու վիշտը, ուրախությունը կիսող մեր մալականներն են, եզդիները, հրեաներ, հույներ, ասորիներ, ռուսները… այլազգիներն իրենց նվիրումով… Եվ ասելով «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»` կանչենք ապրողած և հավատանք ինքներս մեզ` քանդելով ներքին պատերը… Եվ այն ժամանակ մենք կունենանք մեր երազած անկախ և հզոր Հայաստանը, որը կապրի այնքան, որքան ապրել է… Սիրենք մեր հայրենիքը, փայփայենք, պաշտենք, քանի որ բացի մեզանից այն ոչ ոքի պետք չէ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել