ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին.«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցում եմ նենգ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված հերոս հայորդիների հարազատներին:
Ներե՛ք մեզ, եթե կարող եք, թանկագին մայրեր: Ներե՛ք, որ չենք կարողանում ի սպառ բացառել նման ցավալի դեպքերը: Դուք, հայ ազգի հերոս մայրեր, հպարտ եւ գլուխներդ բարձր պետք է քայլեք Հայաստանում՝ համոզված, որ ձեր զավակները չեն մահացել, այլ, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են: Ձեր զավակները հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում: Ձեր զավակները պատանիների, երիտասարդների համար օրինակ են լինելու:
Հենց նրանց օրինակով ենք մենք կրթում, դաստիարակում մեր պատանեկան, երիտասարդական երկրապահական կառույցների սաներին: Ձեր զավակների հոգիներն այսօր էլ սավառնում են երկնքում եւ նույնիսկ երկնքից երաշխավորում են ձեր, մեր, ամենքիս՝ հայ ազգի անվտանգությունը:
Հավատացած եղե՛ք, ոսոխը հազարապատիկ է հատուցելու իր չարության համար, իր տգեղ արարքների համար: Այսօր էլ հայոց բանակը, ՀՀ եւ Արցախի զինված ուժերը կարողանում են համարժեք հակահարված տալ թուրք ազերուն, կարողանում են ամուր ու անառիկ պահել հայրենյաց սահմանները, բայց նենգաբարո ոսոխի համար գալու է հատուցման դաժան պահը: Մեր հերոս զավակների զոհվելու կապակցությամբ ես ցավակցում եմ ամբողջ հայ ազգին, ցավակցում եմ ՀՀ և Արցախի զինված ուժերին՝ շարքայինից, նահատակված հերոսների մարտընկերներից մինչեւ Արցախի ՊԲ հրամանատար և Արցախի նախագահ, մինչև ՀՀ պաշտպանության նախարար և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ՀՀ նախագահ:
Նաև հավաստիացնում եմ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից, Արցախյան ազատամարտի բոլոր վետերանների անունից, որ պատրաստ ենք ցանկացած պահի, զենքը ձեռքներիս կանգնել պատերազմական առաջնագծում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



