«Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության առիթով Tert.am-ի հարցին ի պատասխան հստակեցրեց, որ Վահան Շիրխանյանը 3 տարի շարունակ դե ֆակտո կուսակցությունում չի եղել, իսկ վերջին 6 ամիսը` դե յուրե:
«Եթե հիշում եք` սրանից մի քանի ամիս առաջ նա մամուլով հայտարարեց, որ դուրս է եկել «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» շարքերից, ինչը հաշվի առնելով` հենց այդ հայտարարությանը հետևած առաջին իսկ վարչության նիստում մենք ներքին որոշում ընդունեցինք` իրեն հեռացնել կուսակցության շարքերից, բայց դա որևիցե կերպ չենք լուսաբանել և այդ մասին չենք խոսել, որպեսզի այդ թեմայով ավելորդ լրատվական աղմուկ չառաջանա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով այսօր ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, որը կասկածվում է՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նարեկ Գալստյանին հարց ուղղվեց` Վահան Շիրխանյանի մոտ նկատե՞լ էր հեղափոխական տրամադրություններ: «Այդ թեմայով չեմ կարող խոսել, որովհետև ընթանում է քննություն, ես չեմ ուզում անշնորհակալ բան ասել, ոչ էլ վատ բան: Այսինքն` սա այն հարցն է, որին ես պատասխանելու ոչ թե ցանկություն չունեմ, այլ ուղղակի դա իմ գործը չէ»,- ասաց Նարեկ Գալստյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/19/narek-aglastyan/1879277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



