Tert.am-ը գրում է.
2015թ-ը կրթական համակարգի աննախադեպ միջազգայնացման տարի էր: Այսօր  տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը ընդգրկված է միջազգային բազմաթիվ կրթական ծրագրերում:

Խոսելով տարվա ձեռքբերումներից՝ Արմեն Աշոտյանն առաջինը առանձնացրեց աշակերտների կողմից նվաճած օլիմպիական մեդալների աննախադեպ քանակը՝ 20 մեդալ, վերագործարկվեցին մի շարք նոր բուհեր, մասնավորապես՝ Մոսկվայի  Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը և այլն:

Այնուհետև առանձին անդրադարձավ ոլորտներին։ «Հանրակրթական հինգ ավագ դպրոցներում ներդրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման պիլոտային ծրագիր, որի կարևորությունը ընդգծելու համար նշեմ, որ հայտ ենք ներկայացրել լոնդոնյան գլոբալ ֆորումին՝ ներկայացնելու ծրագիրը և զեկույցը ընդգրկվել է որպես հայկական փորձի փոխանակում: Շարունակել ենք ազգային երգ ու պարի ծրագրի ընդլայնումը՝ 50 մարզային դպրոցներում, 50-ը՝ Երևանում: Կտրուկ ավելացավ ներառական դպրոցների թիվը և այսօր 4700 աշակերտ սովորում է ներառական համակարգում: 2015թ-ին հանրապետությունում բացվել են 33 նախակրթական հաստատություններ, որոնցում սովորում են 1100 երեխաներ»,-ասաց նա:

Անդրադառնալով բուհերին, Արմեն Աշոտյանն ասաց, որ այս տարի 18 բուհ ստացել է որակավորման հավաստագիր և բոլոր այն բուհերը, որոնք մինչև 2018թ-ը չեն ստանա այդ հավաստագիրը չեն ունենա ուսանողների պետական պատվերով հաստատված տեղեր:

«Այս ընթացքում մենք առաջին անգամ ունեցանք եվրոպական հավատարմագիր ունեցող համալսարան՝ Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, որը ստացավ ֆրանց-իսպանական հավատարմագիր, ինչը նշանակում է դիպլոմների ճանաչում այդ տարածքում: Հայաստանում նաև այս տարի անցկացվեց Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը, որը ցույց տվեց Հայաստանի ունեցած ներուժը կրթական ոլորտում»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը առանձնապես կարևորեց «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը», որը ներկայումս հանրային քննարկման փուլում է:

«Հուսամ, որ մինչև 2016 մայիսը ծրագիրը հավանության կարժանանա ԱԺ-ում, այն պետք է ուղենշի գալիք տասը տարվա կրթության զարգացման հեռանկարը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել