Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.«1997 թվականին ինձ թվում Էր, որ Ադրբեջանի հետ հնարավոր Է խաղաղության հասնել` երկուստեք փոխզիջումների միջոցով։ Գուցե այն ժամանակ դա իսկապես չէր բացառվում։ Բայց այս տարիների ընթացքում կարծիքս փոխվել է՝ որևէ բանի շուրջ, համենայնդեպս՝ Ադրբեջանի այս ղեկավարության օրոք, հարևան պետության հետ հնարավոր չէ պայմանավորվել։ Չեմ պատկերացնում խաղաղության որևէ ծրագիր՝ անկախ նրանից, թե որքանով է այն «հայանպաստ» կամ «պարտվողական», որն Ադրբեջանը համաձայնեցնելուց հինգ րոպե անց չի խախտի։ Կարծում եմ՝ այդպես է մտածում Արցախի բնակիչների 100 տոկոսը և հայաստանցիների , երևի, 97 տոկոսը։ 20 տարի առաջ այդ հոռետեսների տոկոսը Հայաստանում ավելի ցածր էր։
Ոմանք ասում են, որ ընդհանրապես պետք չէ բանակցել ադրբեջանական կողմի հետ։ Ես այդ կարծիքին չեմ՝ չբանակցելու այլընտրանքը տվյալ դեպքում լայնամասշտաբ պատերազմն է։ Բայց բանակցել ինչի՝ մասին։ Ինձ թվում է՝ միայն հրադադարի։ Երբ չկա հրադադար, երբ գրեթե ամեն օր մարդիկ են զոհվում, ինչպե՞ս կարելի է բանավիճել խաղաղ գործընթացի այս կամ այն առաջարկի կամ ճանապարհային քարտեզի մասին։ Երբ Ադրբեջանի ղեկավարներն ամեն օր ասում են, որ պատրաստվում են մեր երկիրը ոչնչացնել, երբ երկու հարևան պետությունների այսօրվա ռազմավարական խնդիրը Հայաստանը (ներառյալ Արցախը) վերացնելն է, արդյոք երեսպաշտության չե՛ն կարգավորման որևէ փիլիսոփայության մասին խոսակցությունները։ Եթե նույնիսկ ինչ-որ «սկզբունքներ» ընդունվեն, ապա ինչպե՞ս են դրանք իրականացնելու։ Ադրբեջանում կարող են բացարձակապես բանի տեղ չդնել հասարակական կարծիքը, բայց Հայաստանում և Արցախում դա հնարավոր չէ։ Այնպես որ՝ ոչ մի «սկզբունք» այսօր չի գործի»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել