Մեծ քաղաքականության հսկաների շահերը գնալով համընկնում են, և դրա պատճառն Էրդողանի՝ Թուրքիան կործանելու գորբաչովյան սցենարն է: Աթաթուրքի՝ Թուրան ստեղծելու երբեմնի երազանքն այլևս հօդս է ցնդում: 100 տարվա ընթացքում Թուրքիան ոչ միայն փորձեց վերածվել գերհզոր ռազմական երկրի, այլև իր քայլերով սկսեց իր գլխավոր հովանավորի ազդեցության տակից դուրս գալու փորձեր անել: ԱՄՆ-ին այս սցենարն ամենևին էլ հաճելի չի: Ենթարկվող Թուրքիայի առաջնորդ Էրդողանը դարձել է ԱՄՆ-ի մշտական գլխացավանքը: Երկրորդ Իրան տարածաշրջանում դժվար թե ԱՄՆ-ը հանդուրժի: Շատ ավելի ձեռնտու է Քուրդիստան կոչվող նոր աշխարհաքաղաքական միավորի ձևավորումը: Քրդերը քիչ պահանջկոտ են և գոնե մի 150 տարի շատ ավելի ենթարկվող կլինեն, քան ժամանակակից թուրքերը: Պատրաստ կլինի՞ ԱՄՆ-ն գնալ դարի գործարքին Ռուսաստանի հետ։ Թուրքիային ճնշելու և մասնատելու համար գործիքները շատ են, ներքին անկայուն վիճակն այս պահին գնալով ահագնանում է: Թուրքիան նաև այն պետությունն է, որը սահմանակից համարյա թե բոլոր հարևան երկրների հետ ունի բազմաթիվ խնդիրներ և առանց ԱՄՆ-ի աջակցության կփլվի օրերի ընթացքում: Վերջին օրերի ընթացքում Ռուսաստանը ևս բացահայտ ցուցադրեց Թուրքիային ոչ մի կերպ չներելու ու չզիջելու հստակ դիրքորոշումը: Թուրքիան պատմության ընթացքում միշտ կարողացել է դուրս գալ ավելի բարդ խնդիրների միջից, բայց այս անգամ կարծես թե նրա բախտը չի բերում: Հզոր Թուրքիան փորձում է հույսը դնել անգամ հոգեվարքի մեջ գտնվող, թուրքական կցորդ հանդիսացող իլհամախանության վրա: Վերջիններս էլ այդ պատճառով ավելի սանձարձակ են դառնում` հասկանալով, որ Թուրքիայի կործանումը կհանգեցնի այդ խանության կործանմանը ևս: Արդեն սկսել են հրապարակվել անգամ քարտեզներ, որոնք Թուրքիայի մոտալուտ անկման ազդակներ են հիշեցնում: Ռուսաստանը ևս տարբեր խողովակներով շրջանառության մեջ է դնում մի շարք պայմանագրերի չեղարկման հնարավոր վարկածները: Թե ինչ հավանականություն կա, որ դեպքերը կզարգանան այս սցենարով, կորոշակիանա առաջիկայում, բայց այն, որ այս իրադարձությունները կարող են անակնկալ փոփոխություններ մատուցել նաև մեզ, այնքան էլ ֆանտաստիկայի ժանրից չի: Ոչ հեռավոր անցյալում եվրոպական քարտեզն արմատական փոփոխության ենթարկվեց, այնպես որ՝ ոչինչ բացառել չի կարելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել