«Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի...». ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգ»-ի մասնակցությամբ, ներկայացնում են Վիգեն Չալդրանյանի խաղարկային լիամետրաժ ֆիլմը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին: «Վարդապետի լռությունը» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերի 25-ին։ Այն ներկայացնում է Կոմիտասի մեծ լռությունը 1915-ից հետո։

«Վարդապետի լռությունը» ներկայացնում է Կոմիտասի Մեծ Լռությունը եղերական 1915-ից հետո... Ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ժամանակակից ճանաչված գրող է, համալսարանի մամուլի տեսության և պատմության ամբիոնի դասախոս: Նա մտասևեռված է «Վարդապետի լռությունը» վեպի ստեղծման վրա. սյուժեին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսն անցնում է իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:

Ֆիլմի հերոսներից Էդգար Նովենցին մարմնավորել է Վարդան Մկրտչյանը, Սոնային՝ Անի Ղազարյանը, Կոմիտասին՝ Արտո Խաչատուրյանը, Վաչե Շարաֆյանը, Գռաֆսերը։
Սցենարի հեղինակը Վիգեն Չալդրանյանն է, մասնակցությամբ՝ Ռուբեն Հովսեփյանի, բեմադրող օպերատորը՝ Արթուր Ուստյանը, բեմադրող նկարիչը և ռեժիսորը՝ Վիգեն Չալդրանյանը։ Ֆիլմում հնչում են Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությունները։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



