Tert.am-ը գրում է.
Րաֆֆի Հովհաննիսյանին ժամանակին առաջարկվել էր ստանձնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, և եթե վերջինս այդքան մտահոգ էր, իր միակ գործը աղոթքները չէին, թող գար ու անձամբ վերահսկեր պրոցեսը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտն ու իշխանական թևը և միասնաբար պատրաստեր ընդունելի փաստաթուղթը: Հովհաննես Սահակյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց իրենց առաջարկից, որովհետև ողջ ընդդիմությունը, որը իր հետ միասին այսօր Ազատության հարթակում է, իրեն էր քարկոծում:
 
- Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի կողմնակիցները պնդում են, որ հանրաքվեի արդյունքները չեն համապատասխանում իրականությանը, որ դրանք կեղծվել են: Ավելին՝ արդյունքները անվավեր ճանաչելու համար սկսվել է ստորագրահավաք Սահմանադրական դատարան դիմելու համար: Ձեզ համար հիմնավո՞ր է ընդդիմության պահանջը:
 
- Հանրաքվեի արդյունքները կասկածելի կամ դրանք ոչ վստահելի համարելու համար կա մի քանի ճանապարհ: Առաջինը, երբ հանձնաժողովի անդամները, վստահված անձինք, դիտորդները, ներկայացնում են իրենց հատուկ կարծիքը, ընտրախախտումների վերաբերյալ արձանագրությունները տրվում են համապատասխան մարմիններին: Եվ երկրորդը, եթե այդ արարքների թվում կան հանցագործության տարրեր պարունակող խախտումներ, դրանց տրվում է իրավական ընթացք: Հիմա մենք ունենք որոշակի թվով և բովանդակությամբ դիմում-բողոքներ, որոնք այս օրերին քննարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, գլխավոր դատախազությունում՝ պարզելու համար դրանց բնույթը, ձեռագիրը: Իրավական գնահատականներ չեմ ուզում տալ, որ չստացվի, որ առաջ ենք ընկել իրավապահ մարմիններից, այնպես որ եկեք սպասենք, որ քննությունը ավարտվի:
 
- Բայց ինչո՞ւ եք համոզված, որ ընտրախախտումները չեն ազդել հանրաքվեի արդյունքների վրա, եթե չեք հերքում, որ դրանք եղել են:
 
- Խնդիրը և մանիպուլյացիան կայանում են հետևյալի մեջ. իհարկե, մենք չենք հերքում, որ խախտումներ եղել են, բայց եթե դուք կգտնեք աշխարհում որևէ զարգացած երկիր, որտեղ որևէ ընտրության ժամանակ որևէ խախտում չի կատարվում, ես հրապարակային կասեմ, որ սխալ եմ և ներողություն կխնդրեմ: Բայց այս պարագայում ամեն ինչ արվում է, որ այդ խախտումներին այլ բնույթ տրվի: Խախտումների վերաբերյալ ընդհանուր հաղորդումների թիվը, այդ թվում՝ մամուլում հրապարակված դեպքերը, 78-ն են: Դրանք ոչ թե հաղորդում են հանցագործության մասին, այլ՝ հայտարարություններ են, որոնք ուսումնասիրության կարիք ունեն: Այսինքն՝ դեռ պետք է նախապատրաստվեն նյութեր, իրավապահ մարմինները պետք է պարզեն՝ խախտումը կատարվել է, թե ոչ, հանցագործությունը եղել է, թե ոչ:
 
Ասում եք, թե իշխանությունն էլ պնդում է, որ խախտումներ են եղել: Իհարկե խախտումներ եղել են, որևէ մեկը չի կարող ասել, որ առանց խախտումների ընտրություններ են անցել: Ե՛վ մեր, և՛ ընդդիմության պնդումն այն է, որ այդ խախտումները պետք է պատժվեն: Ուղղակի իրենք իրավիճակը գունավոր են ներկայացնում, թե այ, տեսեք, խախտումներ են եղել, մենք իրավիճակին ավելի ռեալ ենք մոտենում, ընդունում ենք, որ խախտումներ եղել են, միաժամանակ շեշտում ենք, որ դրանք, մեր դիտարկումների շրջանակներում, էական ազդեցություն չեն ունեցել հանրաքվեի արդյունքների, հանրաքվեի ելքի վրա: Սա է մեր տարաձայնությունը:
 
Հետաքրքրական է, որ այս հանրաքվեի ժամանակ առաջ եկավ մի նոր մոտեցում: Եթե նախորդ ընտրությունների ժամանակ պայքարն ընթանում էր թիմերի մեջ, ինտերնետային մամուլով, հրապարակում, այս անգամ նկատեցի կանխամտածված դրսևորում՝ հանրաքվեի ողջ գործընթացը սևացնելու հարցում: Բոլորն ամեն ինչ արեցին, որ այս հանրաքվեն իր իրականացման առումով քիչ վստահելի լինի: Ընտրախախտումներն արհեստականորեն շատացվում էին, հրապարակում հավաքվում էին, լրատվական դաշտում ամենատարբեր, չստուգված տեղեկատվությունն էր նետվում: Եվ սա արվում էր նրա համար, որ ձևավորվի անվստահություն: Գյումրիում սպանված Ավետիսյանների անուն ազգանունը շրջանառության մեջ դնելը գալիս է ապացուցելու իմ կարծիքը: Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել՝ ինչո՞ւ հենց Ավետիսյանների անունը շրջանառվեց, որ իբրև նրանց փոխարեն քվեարկել են: Որովհետև այդ ողբերգության համար ամբողջ ազգն էր սգացել՝ անկախ նրանից ընդդիմություն էր, թե իշխանություն: Շուտով, իհարկե, պատկան մարմինները հերքեցին տեղեկատվությունը, բայց պատահակա՞ն էր, որ նրանց անունը մի ամբողջ կես օր շրջանառվեց: Դա վատ, անվստահելի տպավորություն թողե՞ց հանրության մոտ, թողեց:
 
Վերլուծելով այս թեզը, պարզ է դառնում, որ իրենք ստեղծեցին «բարենպաստ» պայմաններ, որպեսզի առաջիկա ընտրությունների ժամանակ, որոնք յոթ սարերի հետևում չեն, ստեղծվի պարարտ հող: Սա է իրենց ամբողջ մոտեցումը: Վստահ եմ, որ մեր բոլոր մտահոգությունները շուտով կփարատվեն, երբ ավարտվի իրավապահ մարմինների կողմից տարվող գործընթացը: Իրական ընտրակեղծարարներն անպայման պատժվելու են:
 
- Սահմանադրության հանրաքվեն շատերի բնութագրմամբ աննախադեպ էր դեսպանությունների արձագանքի առումով: Եվրամիության ներկայացուցիչը, ԱՄՆ դեսպանը հայտարարեցին, որ հանրաքվեի արդյունքների հետ կապված անվստահություն կա: Ավելին՝ ԱՄՆ դեսպանը խոսեց նաև պատժամիջոցների մասին: Ինչո՞վ էր, ըստ Ձեզ, պայմանավորված միջազգային կառույցների նման արձագանքը:
 
- Կարծում եմ, որ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները պետք է զբաղվեն բացառապես դիվանագիտական գործունեությամբ՝ պահելով դիվանագիտական կոռեկտությունը: Ըստ իս՝ նրանք երբեք չպետք է խառնվեն տվյալ պետության ներքին գործերին: Եթե որևէ անձանց, պաշտոնյաների նկատմամբ ինչ-որ սանկցիաներ են ուզում կիրառել, քայլեր են ուզում նախաձեռնել, պետք է անեն բացառապես սեփական պետության շահերից ելնելով: Առաջինը մենք ենք շահագրգռված, որ իրավապահ մարմինները ժամ առաջ գնահատական տան, մեղավորները պատժվեն ու շարժվենք առաջ: Հենց սրա համար էր, որ մենք կանխարգելիչ քայլեր նախաձեռնեցինք հանրաքվեից առաջ հավաստի հաղորդումների հիման վրա: Հարուցվեն քրեական գործեր, եղան ձերբակալություններ: Հիմա կլինի քննություն, պարզ կդառնա, ովքեր են մեղավորները և նրանք կպատժվեն:
 
- «Այո»-ի կողմնակից «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդունել է, որ հանրության անվստահության առումով «այո»-ն հիվանդոտ է ծնվել, և այն պետք է առողջացնել: Գուցե միանաք Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությա՞նը, եթե վստահ եք, որ ընտրախախտումներ չեն եղել և դրանով իսկ ապացուցեք ձեր ճշմարտացիությունը:
 
- Ժողովրդական ասացվածք կա: Ասում են՝ պատուհանդ փակ պահիր, հարևանիդ էլ գող մի ճանաչիր: Հիմա եկեք տեղամասերում ներկա եղեք, իրավիճակը վերահսկեք, ենթադրություններ մի արեք: Եղել են տեսանյութեր, հաղորդումներ, որոնց ընդհանուր թիվը 182-ն է, 200-ից ավելի չեն: Հիմա սրանցից որքա՞նն են հավաստի: Դա կարո՞ղ է ազդել հանրաքվեի արդյունքների վրա: Մենք վստահ ենք, դրա համար չենք վիճարկում հարցը: Եթե ընդդիմադիր մեր գործընկերներն ընդունեին, որ ՍԴ որոշումից հետո՝ անկախ նրանից, դա կլինի «այո»-ի, թե «ոչ»-ի օգտին, իրենք կհամակերպվեն արդյունքների հետ, միգուցե, մենք գնայինք այդ քայլին: Բայց իրենք այսօրվանից արդեն ՍԴ որոշումը դնում են կասկածի տակ:
 
- Դրվում էր կասկածի տակ, որովհետև, ինչպես հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով այդ փաստաթղթի հեղինակն է, չի կարող արդար քննություն անցկացնել, որ այդտեղ կա շահերի բախում:
 
- Դա ամենաանհեթեթ փաստարկն է: Րաֆֆի Հովհաննիսյանն առնվազն պետք է կարողանա ունակ լինի հասկանալ, որ մասնագիտական խումբը, որը փաստաթղթի հեղինակն է, քվեարկության, ընտրական պրոցեսի համար պատասխանատու չէ: Մենք փաստաթուղթը գրել ենք, տվել ենք տպագրության, թե ինչ տառատեսակով, ինչ չափի տառատեսակով են դա հավաքել, նյութի բովանդակության հետ կապ չունի: Մասնագիտական խումբը կողմ չի հանդիսանում, որովհետև իրենք շահագրգռված են մեկ բանում՝ ստեղծել որակյալ փաստաթուղթ: Հիմա այդ փաստաթուղթը կլիներ ընդունված խախտումներով, ոչ խախտումներով, լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ, իրենք պատասխանատու են բովանդակության համար:
 
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե այդքան մտահոգ էր, իրեն ժամանակին առաջարկել էին գլխավորել այս գործընթացը: Եթե այդքան հավես ուներ, մտահոգ էր, իր միակ գործը աղոթքները չէին, թող գար ու մասնակցեր, անձամբ վերահսկեր, կոնսոլիդացներ ընդդիմադիր դաշտն ու իշխանական թևն ու պատրաստեր իրենց պատկերացրած փաստաթուղթը: Բայց չեկավ, չեկավ, որովհետև վախեցավ, չեկավ, որովհետև ամբողջ ընդդիմությունն իրեն էր քարկոծում: Այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցությունների էր գնում, քաղաքակիրթ տարբերակով նստում էր՝ երկխոսելու, այսօր իր հետ փողոցում կանգնած գործընկերները աշխարհի պիտակն իրա վրա էին կպցնում: Իր հետ նույն հարթակում գտնվողները հեգնում էին, թե մարդը ծոմ է պահում, նիհարում է, այն ժամանակ, երբ հացադուլի մեջ էր: Մեկ մետր այն կողմ հանրահավաք էին անցկացնում, Րաֆֆիին չէին մոտենում: Սա է մեր իրական պատկերը: Իհարկե, հեշտ է քննադատել, հեշտ է՝ ԱՄՆ-ից երեք օր առաջ գալ ու ավանդական շարֆով, բարձր տոնայնությամբ հակաքարոզչություն անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել