Tert.am-ը գրում է.
Խորհրդարանում քննարկման է դրված Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված, 2015 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում ստորագրված՝ ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի Եվրասիական ընկերակցության ճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:
 
Հիմնական զեկուցողն է գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
 
«Հայաստանը կստանա 300 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, երեք տարվա ընթացում հավասար մասնաբաժիններով՝ սկսած 2015 թվականից մինչև 2017 թվականը՝ տարեկան 100 միլիոն ԱՄՆ դոլար: Այս վարկի տոկոսադրույքը կազմում է 2.1 տոկոս և տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է»,- ասաց նա և նկատեց, որ վարկը կտրամադրվի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորելու համար:
 
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ՀՀ քաղաքացին չի վստահում կառավարությանը և շատ օբյեկտիվորեն:
 
«Չի վստահում օբյեկտիվորեն, քանի որ վարկերը մսխվում են խայտառակ կերպով, մսխվում են տարբեր դիսերտացիաներ և լոլոներ կարդալու, տարբեր խորհրդատվությունների վրա, և կա տոտալ անվստահություն թե ժողովրդի կողմից, թե քաղաքական բոլոր կուսակցությունների կողմից: Որևէ վարկ հակապետական նպատակներով չի վերցնում ՝ բոլոր վերնագրերն էլ շատ ազնիվ ու բարի են, բայց դրանց արդյունքում մենք տեսնում ենք այդպես էլ չավարտված Հյուսիս-հարավ ճանապարհ, որ մի քանի վարկ կուլ տվեց»,- ասաց նա և նշեց, որ իրենք առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկի նախորդ և ներկա Կառավարությունների վերցրած վարկերը:
 
Գլխավոր գանձապետը, արձագանքելով ասվածին, նշեց, որ վարկերի օգտագործման արդյունավետությունը ճիշտ նույնն է, ինչ-որ բյուջեով նախատեսված մյուս ծրագրերի դեպքում:

«Ինչ վերաբերում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, ապա դա միտք է, որ կարելի է քննարկել, բայց պետք է այս պահից սկսած տեղեկացնեմ Ձեզ, որ աշխարհի փորձում ինձ հայտնի դեպք չկա, որ որևէ հանձնաժողով կարողանա ուսումնասիրել բյուջետային վարկը, որը ուղղված է բյուջեի ծրագրերի կատարմանը, քանի որ այլ ի՞նչ կերպ են գնահատում վարկի արդյունավետությունը, եթե ոչ բյուջեի կատարմամբ»,-ասաց նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել