Panorama.am-ը գրում է.
Հաագա և Լյուքսեմբուրգ քաղաքներում Եվրոպա Նոստրա եվրոպական ժառանգության առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտը հայտարարել են 14 հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկը, որոնք ընդգրկվել են 2016 թվականի «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրում: Նշյալ ցանկը կազմվել է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարված ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:  

Առավել վտանգված հուշարձանները և տեսարժան վայրերն ընտրված են եվրոպական 14 երկրներից՝ Երերույք հնագիտական հուշարձանը և Անի-Պեմզա գյուղը՝ Հայաստան, Արդարադատության պալատը Բրուսելում՝ Բելգիա, Ամրոց Դիվիցում՝ Գերմանիա, Փաթառեյ ծովային բերդը Տալինում՝ Էստոնիա, Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը՝ Թուրքիա, Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրա՝ Իսպանիա, Վենետիկյան ծովածոցը՝ Իտալիա, Կամպոս Հիոսը՝ Հունաստան, Մեյվիսբենկ Հաուզ, Էդինբուրգի մոտ՝ Միացյալ Թագավորություն, Ռեյսվեկ ամրոցը՝ Նիդերլանդներ, Ուայ-բլոկը Օսլոյում՝ Նորվեգիա, Վալֆլորես պալատն ու կալվածքը Լիսաբոնի շրջակայքում՝ Պորտուգալիա, Հելսինկի-Մալմի օդանավակայան՝ Ֆինլանդիա և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում՝ Ֆրանսիա:

Նշված հուշարձաններից և տեսարժան վայրերից մի քանիսի խիստ վտանգված վիճակն առաջացել է անփույթ վերաբերմունքի, իսկ մյուսներինը՝ միջոցների կամ հուշարձանների պահպանության փորձի բացակայության հետևանքով: 7 հուշարձանների վերաբերյալ վերջնական ցանկը Եվրոպա Նոստրա կազմակերպության կողմից կներկայացվի Վենետիկում 2015 թ. մարտի 16-ին կայանալիք հրապարակային միջոցառմանը:

14-ի ցանկում ընդգրկվել են եվրոպական ժառանգության այն հուշարձաններն ու տեսարժան վայրերը, որոնք իրենցից ներկայացնում են բացառիկ արժեք և խիստ վտանգված են: Այս հուշարձանները վտանգից փրկելու ուղղությամբ կարևորվել և գնահատվել է նաև տարբեր պետական, հասարակական և մասնավոր կողմերի հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը: Ցանկում ընդգրկված նշյալ հուշարձաններն ու տեսարժան վայրերը կարող են նաև խթանել իրենց տարածաշրջանների կայուն զարգացման գործին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել