Ի՛նչ շքեղ ֆիլմ էր: Լեխ Մաևսկի «Հողմաղաց և խաչ»: Ափսոս, չկարողացա ամբողջությամբ դիտել: Պատկերացրեք, որ դուք այս կտավի ներսում եք: Ձեր գլխավերևի ամպերի մեջ են օրորվում հողմաղացի թևերը, ձեր շուրջն են խրխնջում ձիերը, շառաչում է մտրակը, ճռռում է սայլը, որի վրա երկու ավազակներն են, գլխիկոր Մարիամը ձեզանից մի փոքր հեռու է նստած: Հռոմեացի զինվորներն ու քահանայապետերն էլ ձեր կողքին են, բայց մի քիչ տարբեր տարազով` կաթոլիկ վանականների թիկնոցներով ու ինկվիզիցիայի դրոշներով:

Պիտեր Բրեյգել «Ճանապարհ դեպի Գողգոթա»:


Питер Брейгель Путь на Голгофу

Տեսնու՞մ եք ժայռի վրա ծվարած հողմաղացը: Ֆիլմը սկսվում է հողմաղացի աշխատանքով: Ամեն օր նույն և անխախտ ծիսակարգը. արթնանալ, գործի գցել հողմաղացը, դատարկել ցորենի պարկերը: Անփոփոխ, հավերժական, աշխարհակառույց հոգս: Ծանր շղթաների զրնգոց, երկանաքարերի ճռռոց, ցուրտ, սառը քամի թիկունքին...

Կտավը ստեղծվել է 1564 թվականին: Մի քանի տարի անց իսպանացի դուքս Ալբան իր բանակով կմտնի Բրյուսել` կալվինիզմով տարված Նիդեռլանդներում իսպանական թագի իրավունքները պաշտպանելու և կաթոլիկ եկեղեցու դիրքերը վերականգնելու մտադրությամբ: Իսկ Ֆլանդրիայում ինկվիզիցիան իր կախաղաններով և խարույկներով մոլեգնում էր XVI դարի առաջին քառորդից: Տասնամյակներ տևած արյունալի պատերազմներ և հազարավոր զոհեր, էլ ավելի խորացող ատելություն Հաբսբուրգների իշխանության հանդեպ և նիդեռլանդական հեղափոխություն` ահա իսպանական թագավորության անզուսպ հավակնությունների արդյունքը: Սակայն 1564 թվականին հեղափոխությունը դեռ հեռու է, իսկ ինկվիզիցիայի խարույկները` չափից դուրս մոտ:

Կտավի վրա Հիսուսին դժվար է գտնել: Քաղաքացիների գորշ ու կեղտոտ բաճկոնները մերթ ընդ մերթ հերթագայվում են վանականների ալ կարմիր զգեստներով: Մարդիկ զրուցում են, ծիծաղում, սիրահետում, մարդիկ լրիվ անհաղորդ են կտավի մի մասում խաչի տակ կքված Հիսուսի տառապանքներին: Պատմությունը սփռվել է կտավով մեկ, ներծծվել հողի, քրտինքի, ջրի մեջ, շուլալվել մարդկանց ճակատագրերին, պատմության զարկերակը տրոփում է Հիսուսի ոտքերի տակ, բայց կարծես Մարիամից և նրա շուրջը բոլորած կանանցից բացի որևէ մեկը դա չի զգում… Մարդիկ սովորական մի խաչելության վկաներն են, իսկ նրանցից յուրաքանչյուրի կանգնած տեղում ապագայում մի տաճար, մի մատուռ, մի եկեղեցի, բարդ ու կանոնակարգված մի ծիսակարգ է լինելու: Բայց դա հետո, իսկ հիմա սովորական մի մահապատիժ է, ոչ մի արտառոց բան:

Մայեվսկին ողջ ֆիլմի ընթացքում մարդ առ մարդ հավաքում է այս կտավը: Միջնադարյան փողոցներից, խեղճ ու կրակ հյուղակներից, բանտերից ու շուկաներից, հրապարակներից ու դաշտերից:

Ֆիլմում կա նաև Բրեյգելի կերպարը: «Դու կարո՞ղ ես այս ամենը փոխանցել», - հարցնում է նրան պատվիրատուն: Նկարիչը մի պահ հայացք է գցում ամբոխին, հետո նայում պատվիրատուին: «Մի՞թե մի նոր բան կա այստեղ: Նույն մարդիկ են: Նույն դեկորացիաները: Դերասաններն են մի փոքր այլ տարազով: Բայց մի՞թե նոր բան կա այստեղ», - ասում է նրա հայացքը: 

Ֆիլմում հողմաղացն այս ամենի լուռ և անվրդով վկան է: Բրեյգելի դարաշրջանում սակայն հողմաղացը մի փոքր այլ խորհուրդ ուներ: Միջնադարյան «բարի և աշխատասեր ջրաղացպանի» (թե՞ հողմաղացպանի) կերպարի նոր մեկնաբանություններ էին ի հայտ եկել: XVI դարում Գերմանիայում տարածվում են փորագրություններ, որտեղ Հայր Աստվածը պատկերված է ամպերի մեջ, ներքևում էլ Հիսուսն հողմաղացի ձագարափոսի մեջ է գցում ավետարանիչներին: Իսկ փորագրության ստորին հատվածում փորագրված էր. «Հողմաղացն առանց աշխատանքի կանգնել մնացել էր, կարծես տերը մահացած լիներ»: Ռեֆորմացիայի տարիներին սա նշանակում էր, որ մինչ այդ քրիստոնեական ուսմունքն աղավաղված է եղել, և կաթոլիկ եկեղեցին իր առաքելությունը չէր կատարում, ճշմարտությունն էլ նոր է բացահայտվում` քրիստոնեության ակունքներին և ավետարանիչներին վերադառնալով: Սա է եղել Բրեյգելի մտքում, թե՞ հողմաղացի` որպես աշխարհի առանցքի խորհուրդը, դժվար է ասել: Պատմական փուլերի հաջորդականությունն այդ դարաշրջանում նույնպես ասոցացվում է հողմաղացի անիվների պտույտների հետ. հողմաղացը ցորենի փոխարեն աղում է մարդկանց ճակատագրերը, «ալյուրից» էլ ստեղծվում է ժամանակի «հացը»:

Ֆիլմում հողմաղացը նաև տիեզերական ժամանակի խորհուրդ ունի, ջրաղացպանը (ավելի ճիշտ` հողմաղացպանը)` Աստծո: Մի պահ նկարիչը բարձրացնում է ձեռքը, և նա վերևից կանգնեցնում է հողմաղացը` նկարչին հնարավորություն տալով կտավի վրա փոխադրել այն ամենն, ինչ ծավալվել է իր առջև. դերասանները գրավել են իրենց տեղերը, դեկորացիաները պատրաստ են, հերթը նկարչինն է:

Մի հատված ֆիլմից, որ պատկերացնեք, թե աչքերի համար ինչ խրախճանք է ստեղծել Մաևսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել