ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունում է ԱՄՆ պետդեպի պատրաստակամությունը` սահմանային միջադեպերի միջազգային հետաքննության անցկացնելու առումով: Այս մասին նախարար Սեյրան Օհանյանն ասաց ասյօր Հունաստանի պաշտպանության նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին` ի պատասխան Tert.am –ի հարցի, թե ինչպես գնահատում 80 կոնգրեսակաների` ԱՄՆ պետական դեպարտամենտին ուղղած առաջարկը, որպեսզի հայ–ադրբեջանական սահմանին տեղակայվեն տեխնիկական սենսորային վերահսկման սարքեր: Ինչպես նաև այն, ինչպիսի լուծումներ է տեսնում, եթե Ադրբեջանը հրաժարվի դրանք տեղակայելուց:
Հայտնելով, որ ցանկացած տիպի վերահսկման մեխանիզմների տեղակայումը մեր սահմանին կաջակցի սահմանային միջադեպերի միջազգային հետաքննությանը, Սեյրան Օհանյանն ավելացրեց. «Մենք ողջունում ենք այն երկրի համապատասխան կառույցի պատրաստակամությունը, որը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ երկիր և նաև պետք է այդ վստահության մեխանիզմների ձևավորման, միջազգային հետաքննության անցկացման մեջ համապատասխան դերակատարություն ունենան: Բոլորս էլ գիտենք, հատկապես միջազգային մասնագիտացված կառույցները, թե որքան դժվար է այդ ամենն իրականացնելը, քանի որ շփման գիծն անընդհատ գտնվում է խախտումների, ստորաբաժանումների շարժի, դիվերսիոն խմբերի և նաև կրակի ազդեցության տակ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։
Հիշեցնենք նաև, որ էդ Ռոյսի և մյուս կոնգրեսականների ներկայացրած առաջարկները ենթադրում են` շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում, շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը, ինչպես նաև շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։
Նախարար Սեյրան Օհանյանը հավելեց, որ այս իրավիճակում չափազանց դժվար է խնդիրների իրականացումը, բայցև ավելացրեց.«Միջազգային հանրությունը և նաև` պատասխանատու կառույցները պետք է այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք տանեն, որի համար մեր պատրաստակամությունն արտահայտում ենք»:
Նախարարը նաև որպես ամփոփում նշեց, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է այն, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններում և որ հարցի լուծման ճանապարհներից մեկը վստահության մեխանիզմների ձևավորումն է, որոնց հիմքում, անկասկած, հենց դերակատարություն ունեն նաև միջազգային հետաքննության անցկացման մեխանիզմները:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/16/seyran-statement/1876354
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



