Գրածիս հետ գուցե շատերը համաձայն չլինեն, բայց վստահ եմ, որ չեմ սխալվում:
Երկիրը ԵՐԿԻՐ դարձնելու ճանապարհին առաջին հերթին պետք ա երկրի ուսումնական համակարգը փոխել: Ընդունվելը պետք է լինի դյուրին, իսկ առաջին կուրսում սովորելը` ԱՆՎՃԱՐ: Դրանից հետո արդեն, ըստ առաջադիմության, ուսումը լինի անվճարից մինչև ինչ-որ սիմվոլիկ ուսման վարձով, իսկ ում մոտ էլ «առաջադիմությունը» բացակայի, հեռացվեն: Թող գնան, ուրիշ մասնագիտություն ընտրեն ու սովորեն՝ որն իրենց դուր է գալիս, կամ մոտները ստացվում է սովորել: Դրա համար, բնականաբար, պետք է լինելու հսկայական բյուջե, որը կարելի է «ստեղծել», եթե ուսանողների և նրանց ծնողների հետ ընդունելության ժամանակ կնքվի պայմանագիր, համաձայն որի՝ նրանք պարտավորվում են անվճար ուսման դիմաց մեկ կամ երկու տարի «փոխհատուցել»՝ իրենց մասնագիտությամբ աշխատելով, լինի դա դպրոցում դասավանդելը, ծրագրավորող աշխատելը, թե թատրոնում ու ֆիլմերում խաղալը, որի դիմաց վճարվող գումարը կգնա պետբյուջե` մյուս ուսանողների ուսման վարձերի ապահովման համար: Եթե ուսանողը հրաժարվի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները կամ թերանա, օրենքով սահմանված կարգով նրանից կամ ծնողներից գանձվում է նրա ուսման համար ծախսված գումարի մի մասից սկսած մինչև գումարի կրկնապատիկը: Սա կստիպի ընտրել ոչ թե «պրեստիժ» մասնագիտություն, այլ մասնագիտություն, որով հետո կարող ես աշխատել: Աշխատատեղերի խնդիր չի լինի: Օրինակ՝ գյուղերում ուսուցիչների պակաս ունենք, բայց փոխարենն ունենք հարյուր հազարավոր «գործազուրկներ», ովքեր ուզում են աշխատել միայն Երևանում, իսկ այդ դեպքում «ստիպված կլինեն» իրենց ուսման վարձի դիմաց կամ լրացնել այդ թափուր աշխատատեղերը, կամ կրկնակի վճարել ստացած ուսման համար: Ընկերություններին կարելի է շահագրգռել արդեն նախկին ուսանողներին աշխատեղեր ապահովել՝ նրանց տվյալ աշխատատեղերի համար հարկերից ազատելով: Ուսանողների համար էլ աշխատանքային փորձ կլինի, հաշվապահություն սովորողի ծնողները չեն մտածի, թե ինչպես հայթաթեն նրա ուսման վարձը, ուսումն ավարտելուց հետո նա մեկ կամ երկու տարի կաշխատի և կստանա պրակտիկ գիտելիքներ ու գուցե այդ ժամկետի լրանալուց հետո շարունակի աշխատել արդեն նույն աշխատավայրում և աշխատանք փնտրելու խնդիր չունենա, եթե անգամ չմնա էլ նույն տեղում, աշխատանքային փորձով ավելի հեշտությամբ կգտնի աշխատանք:
Հիմա մեր ԲՈՒՀ-երի մեծ մասն ունեն իրավաբանական ֆակուլտետներ, և տարեկան այնքան «իրավաբան» է ավարտում, որ երևի ԲՈՒՀ-երում պետք ա նաև հանցագործների համար ֆակուլտետներ բացել, որ բոլոր «իրավաբաններին» աշխատանք լինի, իսկ երբ սկսեն սովորել ոչ թե դիպլոմի կամ «պրեստիժի» համար, այն ժամանակ ԲՈՒՀ-երի մասնագիտությունների առաջարկը կախված կլինի շուկայում առկա մասնագետների պահանջարկից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել