Զարգացնելով մի քանի օր առաջ արծարծածս թեման՝ այսօր ուզում եմ մի քիչ ավելի կոնկրետիկա մտցնել հարցի կոնկրետ կողմի՝ սահմանին ծառայող զինվորների նկատմամբ սերն ու ջերմությունը ռեալ կյանքում կոնվերտացնելու մեխանիզմների վրա։Սա, իրոք, կարևոր հարց է, որովհետև եթե ճիշտ մեխանիզմներ գործարկվեն, ապա կարճ ժամանակ անց հասարակության ճնշող մեծամասնության մոտ «Ում համար են արյուն թափում մեր տղաները» հարցը բացարձակապես կկորցնի իր ակտուալությունը։
Ֆեյսբուքում զինվորների նկատմամբ հոգատարություն ու սեր դրսևորելը բնավ վատ բան չէ, բայց վատ է, երբ այդ հոգատարությունն ու սերը դրսևորվում է բացարձակապես վիրտուալ տիրույթում ու ոչ մի արտահայտում չի ստանում ռեալ կյանքում։
Մենք ապրում ենք մի իրականությունում, որը մենք չենք ընտրել, բայց որը կա ու թելադրում է իր կանոնները։ Վերահաս լայնամասշտաբ պատերազմի ռիսկի ներքո տարիներով գոյատևելը ստեղծում է օրվա հրամայական՝ ունենալու սպարտական հասարակության պես մի բան, երբ բացարձակ առաջնահերթություն, հարգանք ու դրական ընկալում պետք է ունենան զինվորներն ու զինվորականները։ Ու դա պետք է արտահայտվի ոչ միայն լայքերի ու շեյրների, հիացական մեկնաբանությունների ու գովերգող ստատուսների տեսքով։
Տեսեք, մենք հաճախ բերում ենք ազատամարտիկների տխուր օրինակները, երբ նրանք պատերազմից հետո մոռացության մատնվեցին ոչ միայն պետության, այլև հասարակության կողմից, ու չենք էլ նկատում, թե ինչպես ենք նույնն անում մեր զինվորների հետ, ովքեր սահմանին ծառայելիս երբեմն ոչ պակաս լուրջ մարտերի են մասնակցում, քան ԵԿՄ 50.000 անդամների ճնշող մեծամասնությունը։
Ի՞նչ կարելի է անել։ Իրականում շատ բան պետք չէ։ Ցավոք, մենք սահմանային բախումներում զոհեր ու վիրավորներ ենք ունենում, որոնք բոոլորն էլ ինչ-որ մեկի հարևանն են, բարեկամն են ու ծանոթը։ Կարելի է սկզբի համար բնականոն երևույթ դարձնել այն, որ եթե նման դեպք է լինում, այդ զինծառայողներին այցելեն հիվանդանոցում նրան անծանոթ մարդիկ, որպեսզի զինվորն ու իր հարազատները փաստացի զգան, որ ինքն արյուն թափել է ոչ միայն իր և իր հարազատների համար, այլ բոլորիս։
Նույնն էլ մեր հերոս նահատակների հուղարկավորությունների մասով։ Չպետք է լինի այնպես, որ սահմանին զոհված մեր տղերքը կարևոր լինեն մինչև զոհվելը, պետք է հնարավորության սահմաններում հարգանքի տուրք մատուցել նրանց՝ նաև մասնակցելով նրանց հոգեհանգստին ու/կամ հուղարկավորությանը։ Գիտեմ, որ շատ ծանր թեմա է, ու դժվար է սառնասրտություն պահպանել, հատկապես այս պարբերությունը գրելիս, բայց դա իրոք պետք է։ Պետք է ոչ միայն ու ոչ այնքան արյուն թափած տղաներին ու նրանց հարազատներին, այլ նախևառաջ մեզ՝ բոլոր նրանց համար, ում անվտանգությունն ու խաղաղ քունն ապահովելու համար ամեն գիշեր աչք չեն փակում հազարավոր երիտասարդ տղաներ ցեխոտ ու ցուրտ խրամատներում՝ հաճախ հակառակորդի կրակի ներքո։
Հ․Գ․ Անփորձանք ծառայություն բոլոր մեր զինծառայողներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



