Երկու անգամ՝ նոյմեբերի 30-ին ու դեկտեմբերի 9-ին, արդեն գրել եմ ու ստիպված եմ նորից գրել շատ պարզ, առավել հանրամատչելի ձևով:
Նախադրյալներ
ա) Ադրբեջանի թիվ մեկ դաշնակից Թուրքիան կոնֆլիկտի մեջ է մտնում Ադրբեջանի թիվ երկու դաշնակից Ռուսաստանի հետ:
Շատ վատ իրավիճակ Ադրբեջանի համար, որն ընտրության առաջ է կանգնեցնում Բաքվին, քանի որ ում կողմն էլ անցներ, մյուս կողմը կպատժեր:
բ) Իսկ Երևանի համար հակառակը՝ իր շահերը հետապնդելու հնարավորությունները ընդարձակվում են.
- հնարավորություն կա Բաքվին զրկել երկու աթոռի վրա նստելու մարտավարությունից,
- իրականացնել քայլեր, որոնց ռուսները և Արևմուտքը (Բաքուն ևս) ստիպված պիտի աջակցեն և/կամ հանդուրժեն, քանի որ քաղաքական կոնսենսուս այդ կենտրոնների (Ռուսաստան, Թուրքիա և Արևմուտք) միջև այլևս չկա, սակայն նաև այս նեղ մաջալին կոշտ արձագանքի չեն արժանանա, այլ հակառակը՝ կհարթեցվեն ու կմարսվեն:
1. Բաքուն սկզբից վախեցավ և սսկվեց: Հետո Անկարայի օգնությամբ հասկացավ, որ լավ առիթ է բարդ իրավիճակն իր համար օգտագործելու, քանի որ երկու կողմն էլ շահագրգռված են Բաքվին իր կողմը քաշելու, իսկ Երևանը դրան ոչ մի ձևով չի խանգարի, քանի որ շատ վախեցած է և տկարամիտ:
Ադրբեջանը մի կողմից հանկարծ հիշեց Լավրովի առաջարկները, որոնց վերաբերյալ ռուսական մամուլը մեկ գրում է, որ կան, մեկը գրում է, որ չկան: Այսինքն՝ դրանք կային մինչև օդանավի խփվելը և արդեն չկան օդանավի ոչնչացումից և Թուրքիայի հետ հարաբերությունների սրումից հետո: Սակայն Բաքվի համար հոգ չի, ռուսների հին առաջարկների ընդունումը լոկ դիվանագիտական հնարք է Մոսկվայի հետ կապը պահելու և սակարկելու համար:
Մյուս կողմից՝ անցավ Հայաստանի նկատմամբ կոշտագույն ճնշման, ինչը ստիպելու է ռուսներին, որոնք Բաքվի հետ առճակատում չեն ուզում, սիրաշահել Բաքվին և նաև բավարարում է Թուրքիային, քանի որ ի ցույց է դնում Մոսկվային իր խոցելի տեղը:
Բաքուն իդեալական ձևոով խաղում է երկու կենտրոնների՝ Մոսկվայի և Անկարայի միջև, երկուսից էլ քաղում է օգուտներ և էլ ավելի է ամրապնդում իր դիրքերը փոփոխված՝ կարծես թե վատացած իրավիճակի պայմաններում:
2. Երևանը սկսում է ու.... շարունակում է լռել ու լռել, քանի որ բարձրագույն ղեկավարությունն այնքան է վախենում պատերազմից, սեփական ժողովրդից, Արևմուտքից, Մոսկվայից, տո Ղազախստանից ու ԵԽԽՎ-ից, նաև սեփական ստվերից, որ ոչինչ անել ի վիճակի չէ: Լռում է, քայլ չի անում, որ ոչ մի պատասխանատվություն չկրի դրսի ուժերի նկատմամբ և ամեն գնով խուսափի պատերազմից:
Ընդ որում, չի ընկալվում, որ Ադրբեջանը չի համարձակվի պատերազմել Су-24 կործանումից հետո, եթե չունի ՄԻԱԺԱՄԱՆԱԿ և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի այս կամ այն չափով ակտիվ և կամ պասիվ ու համատեղ-համաձայնեցված աջակցությունը (կամ «ըմբռնումը»):
Այ այս հանգամանքն էր մեզ տալիս լավ առիթ քայլեր անելու, երբ Բաքուն չէր համարձակվի դիմել պատերազմի: Տես կետ Բ:
Սակայն իր ակտիվ դիվանագիտությամբ այժմ Բաքուն վերականգնում է այդ աջակցությունը և՛ Մոսկվայից, և՛ Անկարայից՝ անկախ այդ երկրների միջև կոնֆլիկտից (sic!)
Փաստորեն, Երևանի լռելը ոչ թե հետաձգում է պատերազմը, այլ հակառակը՝ Բաքվի դիվանագիտական լիակատար ազատության պայմաններում մոտեցնում:
Մի հերթական օրինակ է, թե բարենպաստ պայմաններն ինչպես կարելի է մսխել, և անբարենպաստ պայմաներն ինչպես կարելի է քաղաքական ինտելեկտի շնորհիվ ի օգուտ սեփական շահերին ծառայեցնել:
Մի օրինակ է ոչ միայն մտքի տկարության, այլև ներքին բացառիկ վախկոտության, временщик-ների քաղաքական անհեռատեսության ու սնանկության:
Եթե դու ընդամենը կրպակապան-պահեստապետ ես, ապա ոչ մի արտաքին բարենպաստ պայման քեզ չի օգնի, ու երբեք ոչ մի միջազգային իրադարձություն քո օգտին չի լինի:
ՀԳ
Իսկ հիմա անցնենք աշխատանքի՝ ընտանիք պահելու: Գնամ, գործ անեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել