Tert.am-ը գրում է.

Ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցները հայտնում են ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մասին՝ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ «Ռոսսիյա 24»-ի եթերում Լուկաշևիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի հայտարարությունները «դեստրուկտիվ» են՝ նկատի ունենալով Անկարայից ավելի վաղ հնչած հայտարարությունը, թե Թուրքիան ամեն ինչ կանի Ադրբեջանին ԼՂ-ն վերադարձնելու համար:

«ԵԱՀԿ-ում նման դիրքորոշմանը չեն աջակցում: Կա խիստ գիտակցումը, որ երեք համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, կրում են հիմնական ծանրաբեռնվածությունը, ճիշտ ինչպես Մինսկի խմբի անդամները՝ որպես այդպիսին՝ հավասարապես: Բայց առաջատար դերը վերապահված է, և դա ընդունվում է, երեք համանախագահներին:  Ուստի՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերը դեստրուկտիվ են և որևէ շարունակություն ունենալ չեն կարող», - մասնավորապես ասել է Լուկաշևիչը, երբ նրան խնդրել են մեկնաբանել Անկարայի հայտարարությունները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ էլ՝ Լուկաշևիչը հավելել է նաև, որ դեկտեմբերին Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպումը «կառուցողական ներդրում կունենա լարվածության թուլացման գործում»:

Լուկաշևիչի հայտարարությանը արձագանքել է նաև ադրբեջանկան մամուլը. Haqqin.az-ը նկատում է, որ սա Ռուսաստանի կողմից մեղադրանք է Թուրքիային՝ ԼՂ հարցում Ադրբեջանին սատարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել