«Ինձ ասա՝ ինչ տրամադրություններ են գերակշռում երեխաների մտքում, և ես քեզ կասեմ հաջորդ սերնդի բնավորության մասին»: Իսկ երեխաներն իրենց մտքերն առավել անկեղծ ու հավատով կպատմեն միայն Ձմեռ պապիկին գրված նամակներում, ինչում ևս մեկ անգամ կհամոզվենք, եթե ընթերցենք սահմանամերձ Պառավաքար գյուղի երեխաների՝ Ձմեռ պապիկին գրած նամակները: Այս փոքրիկներին այնքան քիչ բան է պետք, նրանց խնդրած նվերներն այնքան պարզ են արտահայտում այն, ինչի պակասը նրանք ունեն՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ: Չնայած նրան, որ նրանց կենցաղը շատ անգամ է զիջում մայրաքաղաքում ապրող երեխաների կենցաղին, բայց նրանք չեն խնդրում iPhone-եր, iPad-եր… 
Նամակներից մեկում փոքրիկ աղջնակը գրում է, որ եթե Ձմեռ պապիկը չնվիրի այն, ինչ նա ցանկացել է, նա չի նեղանա... նա գիտի, որ ԻՐ Ձմեռ պապիկը շատ է սիրում իրեն, բայց երբեմն այդքան հնարավորություն չի ունենում իր համեստ ցանկություններն իրականացնել….
Սիրելի ընկերներ, կարծում ենք, յուրաքանչյուրս կկարողանանք դառնալ գոնե մեկ փոքրիկի հրաշագործ Ձմեռ պապիկը և պարգևել նրանց հավատով լի ժպիտներ:
Համոզված եմ, որ բոլորիս ամեն առավոտ աշխարհը դեպի ավելի լավը դարձնելու միտքն է ստիպում անկողնուց վեր կենալ…
ՀԱՏՈՒԿ ԽՆԴՐԱՆՔ
Խնդրում ենք, ընթերցեք սահմանամերձ Պառավաքար գյուղի փոքրիկների նամակները և ձեր բալիկներին նվեր պատրաստելիս պատրաստեք ևս մեկը՝ սահմանում ապրող մեկ բալիկի համար: Նամակի մեկնաբանությունում գրեք, որ Դուք ցանկանում եք հենց այդ նամակի բալիկի Ձմեռ պապիկը դառնալ: Մինչև դեկտեմբերի 20-ը նվերները փոխանցեք մեզ, որպեսզի դեկտեմբերի 25-ից հետո մենք էլ կարողանանք փոխանցել հասցեատերերին: Ձեզ կներկայացնեք նվերների հանձման ֆոտոհաշվետվությունը:
Ցանկալի է, որ նվերը լինի գեղեցիկ փաթեթավորված արկղիկում, որի վրա գրված լինի այն բալիկի անուն-ազգանունը, ում համար պատրաստել ենք այն: Եթե հնարավոր է, բացի հիմնական նվերից նաև քաղցրեղեն և ձեր ցանկությամբ հավելյալ փոքրիկ հետաքրքիր նվերներ ևս ավելացրեք արկղիկում: Մեկ խնդրանք ևս՝ նվերները պետք է լինեն նոր, ոչ օգտագործված:
Հարցերի դեպքում գրեք մեզ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ 093 599 461 (Սոնա):
Հարգանքներով՝ «Օգնենք Հայ Մանուկներին» բարեգործական ՀԿ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել