Ինչ-որ ժամանակ Լեոնարդո դա Վինչին նկարչությունը համր պոեզիա է անվանել: Հավանաբար դա ճիշտ է:
Այսօր մի փոքր կխոսենք Վերածննդի դարաշրջանի հայտնի գործչի ամենահայտնի աշխատանքի՝ իհարկե «Ջոկոնդայի» մասին:
Ընդհանրապես, հետազոտողները վաղուց էին կասկածում, որ այդ նկարի տակ ևս մեկ նկար է թաքնված: Եվ այդ նկարը մի տարի չէ, որ փնտրում են: Բայց ո՛չ մուլտիսպեկտրալ, ո՛չ ինֆրակարմիր սարքերի միջոցով հետազոտությունները ոչ մի արդյունք չտվեցին։ Մինչ ֆրանսիացի Պասկալ Կոտտը, ով ուսումնասիրում է Լեոնարդոյի նկարն արդեն տասը տարուց ավել, չհրապարակեց սենսացիոն հայտարարություն: Կոտտը հայտնում է, որ ներկի վերին շերտն իր տակ թաքցնում է մեկ այլ բնորդուհու պատկեր:
1.jpg
Իր հետազոտություններում Կոտտն օգտագործել է այսպես կոչված «շերտերի ընդլայնման» տեխնոլոգիայի միջոցը: Նկարը ենթարկվում է ինտենսիվ լուսային ճառագայթների ազդեցությանը: Այդ պահին հատուկ տեսախցիկը ֆիքսում է լույսի արտացոլումը: Այս մանիպուլյացիաներն անելով՝ Կոտտը եկավ այն եզրակացության, որ «Ջոկոնդայի» տակ կարելի է տեսնել ուրիշ աղջկա, ով նայում է հակառակ ուղղությամբ և չի ժպտում: Ավելին, այդ կտավի վրա կան նաև ավելի հին պատկերներ, որոնք հիշեցնում են վարպետի այլ աշխատանքների ուրվագծերը…
Համարվում է, որ «Մոնա Լիզա» նկարը Լիզա Գերարդինայի դիմանկարն է, ով եղել է մի ֆլորենցիացի մետաքսավաճառի կին: Բայց Կոտտը կարծում է, որ իրականում Լիզա Գերարդինան այն աղջիկն է, ում պատկերը թաքնված է անհայտ կնոջ դիմանկարի տակ, որին բոլորն անվանում են «Մոնա Լիզա»:
Ինչպես տեսնում եք՝ այս պատմության մեջ շատ գաղտնիքներ են մնում, որ պետք է բացահայտել: Այս գեղեցկուհին դեռ երկար ժամանակ կշարունակի ժպտալ, իսկ մարդիկ կփորձեն բացահայտել նրան մինչև վերջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել