Երբ ծառայում էի, մի անգամ գիրք կարդացի Նախիջևանի հայաթափման մասին։ Ինձ ամենացնցող հատվածն այն էր, թե ինչպես էին հայերն իբր լեզու գտել թուրքերի հետ ու որպես իրենց բարի կամքի դրսևորում՝ թուրքերին տվել հայկական ինքնապաշտպանական ուժերի հրանոթների փակաղակները։ Թուրքերն էլ կարճ ժամանակ անց կոտորել էին արդեն առանց հրետանի մնացած հայությանը...Երևի նման բան պայմանավորվողներն անկեղծորեն մոլորվում էին, բայց, փաստացի, նրանց արարքը ոչ այլ ինչ էր, քան դավաճանություն։ Ու եթե Ձեզ թվում ա, որ այդ իրադարձություններից 100 տարի անց նման սփխեչի ուլեր ու դավաճաններ մեզ մոտ չկան, չարաչար սխալվում եք։
Գիշերը կրկին զոհ ենք ունեցել, ու էլի սկսել են ֆեյսբուքյան ամենաապուշ խոսակցություններն այս առնչությամբ։ Եթե խտացնենք դրանք, ապա կարելի է առանձնացնել հիմնական թեզերը, ու միանգամից կարելի է պատասխանել էլ դրանց.
1․ Ո՞ւմ համար են մահանում մեր երեխաները սահմանի վրա, մեղավորն այս հանցավոր ռեժիմն է:
Զոհվում են բոլորիս համար։ Իմ, քո, հարևան տատիկի, ռեժիմի... բոլոր նրանց, ովքեր ապրում են էս երկրում, որովհետև եթե մի պահ ենթադրենք, որ բանակը պարտվել է, ու թուրքը մտել է մեր երկիր, ապա վստահ եղեք՝ մենակ ռեժիմի ներկայացուցիչներին չեն մորթելու։ Մորթելու են ինձ, քեզ, ձեր ծնողներին, քույրերին, եղբայրներին ու հարազատներին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից ու պատկանելիությունից։ Էլ մի շրջանառեք այս եզագույն թեզը։
2․ Ինչո՞ւ են մահանում մեր զինվորները, ուրեմն բանակը թերանում է, բլա բլա։
Պատերազմական պայմաններում անհնար է բացառել զոհերը։ Ցավոք, բայց անհնար է։ Առավել ևս, եթե տասնյակ հազար զինվորներ հաշվվող բանակ ունես։ Մահանում են հակառակորդի գործողություններից, մահանում են անզգուշությունից, մահանում են դժբախտ պատահարներից ու այլ պատճառներից։ Ու պահանջել, որպեսզի դա չլինի, նույնն է պահանջել, որպեսզի քաղաքացիական կյանքում էլ մարդիկ չմահանան սպանությունների, պատահարների, անզգուշության և հիվանդությունների պատճառով։ Շատ բան է արվում, որպեսզի այդ զոհերը մինիմալացվեն, ու արդյունքն ակնառու է (համեմատեք ոչ մարտական կորուստների նվազման դինամիկան վերջին 7-10 տարում), բայց բացառել մահերը մարդու ուժերից վեր է։
3․ Բանակում կատարվում է ինքնասպանության փորձ կամ նման բան, ուրեմն ոչ մեկ պատասխանատվություն չի կրում ոչնչի համար։
Նման բան ասողները գոնե ինչ-որ փաստ կարո՞ղ են ներկայացնել։ Ես ինչքան սպանության ու ինքնասպանության դեպք գիտեմ վերջին տարիներին, ոչ մեկում չի եղել այնպես, որ պատասխանատվության ենթարկվողներ չլինեն։ Ընդհանրապես, զինծառայողների 1 շնչին ընկնող ինքնասպանությունների ցուցանիշով աշխարհում 3-րդ տեղում ենք արդեն՝ քչության առումով։ Ցավոք, դեռ լինում են նման դեպքեր, բայց եթե մեկը գիտի ինչ-որ մեխանիզմ, որ կարող է մեկ օրում բացառել ինքնասպանության դեպքերը, կխնդրեմ ներկայացնել դա, հակառակ դեպքում դեմագոգիայով եք զբաղվում։
4․ Նոր թեզ էլ է ավելացրել. ցուցադրե՛ք կադրերը, որ հավատանք, որ պատժիչ գործողություններ են իրականացվել։ Իսկ երբ ինչ-որ բան էլ ցուցադրվում է՝ մի վայնասուն, թե բա վա՜յ, էս պիտի ցուցադրեցիք, հեսա թուրքերը կտեսնեն ու մեր երեխաներին կմորթեն չարությունից։
Ախր ա՛յ... օգտատերեր, բանակը ոչ Մոսկվա կինոթատրոնն ա, ոչ էլ ձեր գեղի կլուբն ա, որ պատվերով համերգներ անի ու ինչ-որ կիսագրագետ մեկին, թերահավատ մեկին, սենտիմենտալ մեկին ինչ-որ բաներ ապացուցելու համար առաջին պահանջով բենեֆիսներ ներկայացնի։
Հեսա տեսնեն՝ կմորթեն-ի պահով էլ. ինչի որ նման տեսագրություններ չէին հրապարակվում, թուրքերը մեր զինվորների ուղղությամբ ծաղիկնե՞ր էին շպրտում։ Մոռացա՞ք արդեն Ռամիլ Սաֆարովին, Մուբարիզին, 2012-ի, 2013-ի, 2014-ի դիվերսիաներն ու միկրոպատերազմը։ Էդ ժամանակ է՞լ էին կադրեր հրապարակվում, որ կրակում էին։
Այ տենց նստեք, մենակ բառադի-բառադի բրնձեք դիվանների վրայից, պահանջներ ներկայացնեք ու մեկ ա՝ էլի չսթրվեք։ Նայեք ամենասկզբի փակաղակի օրինակը։ Թուրքը չի հավատում խաղաղություն ասվածին։ Ցանկացած բարի կամքի դրսևորում հանուն խաղաղության ընկալվում է որպես թուլության դրսևորում ու հնարավորություն, իսկ ուժի ցուցադրությունը տալիս է ճիշտ հակառակ էֆեկտը (ձևի համար փորձեք հետևել նրանց սոցցանցերին ու մեկնաբանություններին ու կտեսնեք, թե ինչ էֆեկտ է առաջացնում մեր դոզավորված քարոզչությունը)։ Թուրքերի էս ցայտնոտը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանում տարիներ շարունակ քարոզչական փուչիկը պայթել է իր բնակչության համար, ու հիմա ամեն գնով փորձում են իրենց բնակչությանը հետ համոզել, որ մենակ մեզ վրա գլխարկներ գցելով էլ հանգիստ կհաղթեն։
Ու վերջում մի էսպիսի բան էլ հավելեմ։ Վաղուց եմ նկատել, որ նման ախմախ խոսակցությունների ալիքները բարձրանում են հենց այն պահերին, երբ իրավիճակը սահմանին առանձնապես է սրվում, ու այդ ընդհանուր աղմուկը միշտ ինչ-որ ուղղորդելու փորձեր են լինում։ Совпадение? Не думаю!
Եթե ադրբեջանցիները կարողանում են ԶՈւ մայոր վերբովկա անել, պատկերացնո՞ւմ եք, թե քանի քաղաքացիական ոչխարի կարող են իրենց համար աշխատելու համար ներգրավել։ Էլ չասեմ, որ հայերեն գրող ադրբեջանական ֆեյքերը վխտում են մեր մեդիա դաշտում։ Էնպես որ, էղեք զգոն ու մի կրկնեք Նախիջևանի հայության սխալը։ Հիշեք, եթե ուզում եք՝ թուրքը խելոք մնա, պետք է մեր ձեռքում միշտ փայտ ունենանք ու չվախենանք այն գործի դնելուց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



