Մայրաքաղաքի 4/20 ընտրատեղամասում «Հայ ազգային կոնգրեսի» վստահված անձ Անի Թովմասյանը, ով դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ողջ օրը հետևողական ճնշումների է ենթարկվել, «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսին» հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահը կեղծել է ընտրատեղամասի 2-րդ արձանագրությունը:
«Հիմնական ընտրախախտումը, որ տեղի էր ունեցել մեր տեղամասում, այն էր, որ երբ արձանագրությունը ճիշտ կազմվեց, որտեղ « ոչ»-ը հաղթել էր. 435 «ոչ» էինք ստացել մեր ընտրատեղամասում, իսկ «այո»-ն 161 էր, բայց արդեն երկրորդ արձանագրությունը կեղծվեց… առաջին արձանագրությունը ճիշտ էր կազմվել, բայց նախագահը , ջուր խմելու պատրվակով մեկ ժամով բացակայեց, չէինք կարողանում իր հետ կապվել»,- պատմեց երիտասարդ վստահված անձը: Ըստ նրա` դրանից հետո, երբ առաջին արձանագրությունը կնքվել, դրվել է պարկի մեջ, հանձնաժողովի նախագահն ասել է, որ անգիր հիշում է թվերը, բայց , ըստ վստահված անձի, լրիվ այլ թվեր էր գրել: Ըստ որում, ոչ միայն ավելացրել է «այո»-ների թիվը, այլև՝ մասնակիցների քանակը:
ՀԱԿ վստահված անձը տեղեկացրեց նաև, որ հանձնաժողովի անդամը «Բարգավաճ Հայաստանի» անդամ Նիկոլ Մոսինյանն էր, ով պարկն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին էր հասցրել 1.15 րոպեում, չնայած 10 րոպեի ճանապարհ էր:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանը` հեռարձակեց Անի Թովմասյանի նկարած կադրերը, թե ինչպես է ինքն ուզում ինչ-որ պայուսակ նկարել, թե ինչպես է մի երիտասարդ տղա խոչընդոտում իրեն, ու ասում`«պետք լինի`կլցնեմ», երբ աղջիկը ասում է` «երևի ուզում ես լցոնել»:
Այդ տեսանյութում կան նաև մութ կադրեր, երբ խոչընդոտվում է նրա տեսանկարահանումը: Անին պարզաբանեց, որ նկատել էր պայուսակ, որը ոտքով անընդհատ դեպի քվեատուփն էին շարժում ու կասկածներ ունեցել, որ քվեատուփին շատ մոտ ժամանակ պիտի կռիվ սարքեին դիտորդների հետ ու այդ ընթացքում պայուսակը դատարկեին քվեատուփը: Ուստի, ուզեցել էր պայուսակը նկարել այդ դիրքում, որպեսզի հետագայում ապացուցեր:
Այս կադրերը տրամադրվել են իրավապահներին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/11/facebook/1871774
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



