BlogNews.am-ն ամիսներ առաջ զրուցել է մարզիչ Արման Ղարիբյանի հետ, ով հետաքրքիր խորհուրդներ էր տալիս նիհարելու մասին, ինչպես նաև կիսվել էր սեփական փորձով՝ գեղեցիկ և սլացիկ մարմին ունենալու համար: Ներկայացնում ենք հարցազրույցի երկրորդ մասը:
- Արման, ուզում եմ՝ նաև խոսեք քաշ և մկանային զանգված ավելացնելու մասին:
- Եթե մարզվում ես ծանր քաշերով, ապա դրանով ավելացնում ես մկաներդ: Տեսեք, եթե ուզում ենք պրես ավելացնել, օրգանիզմին միանշանակ բացի մարզումներից պետք է նաև սնունդ: Այդ ամենը միասին օգտագործելով՝ ավելանում են մեր մկանները, և վերանում է ճարպը: Պետք է ասեմ, որ բոդիբիլդերի գլխավոր թշնամին կատաբալիզմն է. մենք ուտում ենք օրվա մեջ երեք անգամ, որ կատաբալիզմ չառաջանա: Շատերն էլ արթնանում են գիշերվա 2.00-ին, սնվում են, քանի որ 4.00-ին արդեն սկսվում է կատաբալիզմը: Այսինքն՝ հավելումների դերն այն է, որ թույլ չտան՝ առաջանա կատաբալիզմ: Հիմա ավելի մանրամասն բացատրեմ. ենթադրենք՝ Դուք պարապեցիք, կորցրեցինք բավականաչափ էներգիա, մկանները սթրեսի են ենթարկվել, հիմա պետք է վերականգնվեն, անցավ քսանհինգ րոպե, Ձեր օրգանիզմում արթնանում է կատաբալիզմը: Սկսում է քաղց առաջանալ, երբ Դուք հետո ուտում եք, օրինակ, բրինձ, կաթնաշոռ, մտածում եք, որ վերջ, ամեն ինչ կարգին է, բայց մինչ դա ստամոքս հասնի, ժամանակ է պետք՝ մոտավորապես երկու-երեք ժամ: Դրա համար օգտագործում ենք հավելում, որը երեսուն րոպե հետո Ձեր արյան մեջ է լինելու, այսինքն՝ Դուք այն խմեցիք պարապմունքից անմիջապես հետո՝ դեռ կատաբալիզմը չսկսած, այն արդեն արյան մեջ է:
- Յուրաքանչյուր տարի Հայաստանում անցկացվում են բոդիլբիլդինգի մրցումներ, արդյոք չունե՞ս ցանկություն ուժերդ փորձելու այնտեղ։
- Նախ՝ շատ ցավոտ հարց ես տալիս, այն մարդիկ, ովքեր այս սպորտում են, շատ ներդրում են անում, չունեն հովանավոր, բայց աշխատում են իրենց տեսքի համար: Կան մարդիկ էլ, ովքեր փաբ են գնում, ուրախանում են, բայց այն մարդը, ով ուզում է հասնի արդյունքի՝ գնում է ու քնում: Հայաստանում նոր են սկսել մրցումներ կազմակերպելը, բայց մարզիկին այնքան քիչ գումար են տալիս, որ դրանով անգամ քո ծախսերը չես կարող հոգալ: Հասկանում եմ` մեդալը, որ շնորհում են, տալիս է անուն: Կան Եվրոպայի և աշխարհի մրցումներ, օրինակ՝ Գևորգ Թութունջյանը մեր այն մարզիկներից է, ով դրսում բարձր պահեց Հայաստանի անունը: Ես, իհարկե, ուզում եմ մասնակցել, պատրաստվում եմ մյուս տարվա համար, բայց ոչ Հայաստանի կողմից, ուզում եմ դրսի մրցումներին մասնակցել, դրա համար էլ լուրջ ֆինանսներ եմ նախատեսել ինձ համար:

- Արման, դու ասացիր, որ շատ բաներից մարզիկը պետք է իրեն զրկի, իսկ դու քեզ ինչի՞ց ես զրկել։

- Մոսկվայում ես լրիվ այլ կյանքով էի ապրում, շատ նիհար էի: Այնտեղ ավելի շատ գիշերային կյանք էր՝ բնականաբար անքուն գիշերներով, բայց երբ եկա Երևան, որոշեցի, որ պետք է զբաղվեմ ինձանով: Այն, ինչ հիմա տեսնում եմ իմ արտաքինում, ինձ դուր է գալիս, արդեն քաղցրի հետ էլ սեր չունեմ, ես ինձ կտրել եմ ժամանցից, ավելի շատ սիրում եմ կարդալ, հիմա նաև գիրք եմ գրում, ուզում եմ հասցնել ձմռանը շնորհանդես անել: Ընկերական շրջապատիցս սկսում եմ հեռանալ, պահ է լինում, որ ուզում եմ գնալ փաբ, բայց հասկանում եմ, որ դա իմ քնի հաշվին է լինելու: Հիմա փորձում եմ լեռնագնացությամբ զբաղվել, գտել եմ լավ տեղ: Ուզում եմ ամռանը թռչեմ օդապարիկով, ֆոբիա ունեմ բարձրությունից և փորձում եմ դա հաղթահարել:

- Ինչի՞ մասին եք գրում։
- Սա իմ երկրորդ գիրքն է, այն ինտելեկտուալ դետեկտիվ ժանրում է, ես անգամ անունը չեմ որոշել: Այն սպորտի հետ կապ չի ունենալու, այն բանականության հեղափոխության մասին է, երբ գլխավոր հերոսը փորձում է փոխել աշխարհը: Գրում եմ ռուսերենով, քանի որ, կարծում եմ, դաշտն ավելի լայն կլինի: Իմ գրքի ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործության:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել