Չեմ կարծում, որ սա պատահական կողոպուտ է, բայց չեմ էլ հերքում այդ փաստը. Նարեկ Մակարյանն՝ իր մեքենայի կողոպուտի մասին
Life.panorama.am-ը գրում է.
Երեկ գիշեր կոտրել են Նարեկ Մակարյանի մեքենայի ապակին եւ կողոպտել դրանում առկա կարեւոր փաստաթղթերը, երգչի ձայնագրությունները, պայուսակը, դրամապանակը, որի մեջ մեծ  գումար է եղել՝ նրան հասցնելով բավականին լուրջ վնասներ:
Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ պարզելու կողոպուտի վերաբերյալ մանրամասներ, որով այս պահին զբաղվում է ոստիկանությունը: Մեզ հետ զրույցում Նարեկ Մակարյանը հանգամանորեն պատմեց.
«Երեկ մայրիկիս հետ միասին գիշերվա 11:00-03:00-ը տանը չեմ եղել, քանի որ գնացել էինք հանդիպման իմ նախկին պրոդյուսերի հետ: Դրանից առաջ մասնակցել էի «ATV»-ի ամանորյա նկարահանումներին, որտեղ շատ քիչ քանակությամբ ալկոհոլ էի օգտագործել, եւ քանի որ ես երբեք նման պարագաներում մեքենա չեմ վարում, որոշեցի մեքենաս կայանել եւ տաքսիով գնալ այդ հանդիպմանը: Ուղղակի մեքենաս կայանել էի ոչ թե մեր տան բակում, այլ փողոցի հատվածում գտնվող վճարովի կայանատեղիում: Հետո շատ ուշ վերադարձանք եւ անմիջապես քնեցինք, բայց արի ու տես առավոտ ինչ պետք է պարզվեր. մայրս առավոտյան պատշգամբում լվացք փռելիս նկատել է, որ մեքենայիս հետեւի ապակին բաց է, անմիջապես եկավ ինձ արթնացրեց, ես էլ վստահ լինելով, որ այս ձմռան ցրտին մեքենայի պատուհանը բաց թողած չեմ լինի, շտապ իջա ու տեսա, որ մեքենաս կողոպուտի են ենթարկել: Իմ սխալը եղավ այն, որ ես անգիտակցաբար բացեցի մեքենայի դուռը, թեպետ ոստիկանները ասացին, որ դա չի խանգարի գործի ընթացքին»:
Նարեկը նշեց. «Ամենահետաքրքիրն այն է, որ մեքենայից գողացել են ոչ միայն դրամ, այլեւ իմ փաստաթղթերը՝ անձնագիրը, մեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական իրավունքի վկայագիրը, գողացել են նաեւ պայուսակս, որի մեջ մի ամբողջ աշխատանք կար՝ նոր ձայանագրություններ, «մինուսներ», դրամապանակս, որի մեջ գումար կար, բանկային քարտեր, ընդ որում դրամապանակս արժեր 300, իսկ պայուսակս՝ 500 ԱՄՆ դոլար: Չհաշված՝ կոտրել են մեքենայի ապակին եւ դրանով եւս մեծ վնասներ հասցրել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել