Իրաքի վարչապետ Հեյդար էլ-Աբադին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցում դաշինքին կոչ է արել ազդել Թուրքիայի` զինվորներ տեղակայելու հետ կապված իրավիճակին, գրում է RIA Novosti-ն:
«Իրաքը դիվանագիտական ալիքներով պահանջեց, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը և դրա համար երկու օր ժամկետ տվեց: Տվյալ դրությունն Իրաքի ինքնիշխանության խախտում է, և ՆԱՏՕ-ն պետք է օգտագործի իր լիազորությունները, որպեսզի Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զինվորականներին Իրաքի տարածքից»,- ասվում է վարչապետի մամլո ծառայության կոմյունիկեում:
Իր հերթին Սթոլթենբերգը շնորհակալություն է հայտնել էլ-Աբադիին պարզաբանումների համար` նշելով, որ ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Իրաքի ինքնիշխանության պաշտպանման հարցում և խոստացել է դաշինքին առընթեր Թուրքիայի ներկայացուցիչներին փոխանցել Իրաքի մտավախությունները:
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին թուրք զինվորականները և թուրքական ռազմական տեխնիկան մտել են Իրաքի Նայնավա գավառ` իբր թե ահաբեկիչների դեմ պայքարող քուրդ աշխարհազորայիններին նախապատրաստելու համար: