Սոցիալական կայքերը այն տիրույթներն են, որտեղ ցանկացած մարդ կարող է բացել իր ցանկացած անունով էջ և վստահ լինել, որ ոչ ոք չի իմանա, թե ով է թաքնված կեղծանվան ետևում: Դա որոշ մարդկանց համար ինքնահաստատվելու ձև է: Նրանց համար ավելի հեշտ է ինքնարտահայտվել, երբ ոչ իք չգիտի իրենց ով լինելը: Կեղծ անունների առաջին հորիզոնականում, թերևս, հայտնիների անուններն են: Սոցիալական ցանցերում կարելի է գտնել բազմաթիվ «Արամեների», «Լիլիթ Հովհաննիսյանների», «Միհրան Ծառուկյանների» և շատ ու շատ այլ աստղերի, որոնց ցանկը կարելի է շարունակել անվերջ: Երկրպագուներից ոմանք, իհարկե, գտնվում են շատ բարեխիղճ և իրենց սիրելի աստղի անվան կողքին նշում են «Fun» բառը, որը նշանակում է, որ այդ էջը բացված է երկրպագուի կողմից, մինչդեռ ոմանք ոչ միայն օգտագործում են իրենց սիրելի աստղի անունն ու նկարները, այլ նաև շփվում են մյուս երկրպագուների հետ՝ որպես տվյալ աստղ: Սա իհարկե շատ վատ երևույթ է, քանի որ դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ և՛ տվյալ աստղի հեղինակության, և՛ էջի օգտատերի վրա: Այնուամենայնիվ, այս երևույթը կա, և դրա դեմ ինչ-որ բան ձեռնարկել շատ դժվար կլինի: Մենք փորձել ենք հաշվել, թե որ հայ աստղերն ունեն ամենաշատ ֆան-էջերը Facebook-ում: Հաշվի են առնվել աստղերի անուններով և լուսանկարներով բացված բոլոր էջերը՝ ներառյալ խմբերն ու երկրպագուների էջերը: Ուսումնասիրության ընթացքում նկատեցինք, որ համարյա բացակայում են Արամեի ֆան-էջերը: Դրա պատճառը հավանաբար այն է, որ վերջերս Արամեն բացեց իր պաշտոնական էջը և խնդրեց երկրպագուներին ջնջել բոլոր՝ երկրպագուների կողմից բացված էջերը, հակառակ դեպքում, վստահ եմ, որ Արամեն կլիներ այսօրվա ցանկում առաջատարներից մեկը: Հիմա Ձեզ կներկայացնեմ այն հնգյակը, որը ձևավորվել է ըստ ամենաշատ ֆան-էջերի: Եվ այսպես, 5-րդ հորիզոնականում է Լիլիթ Հովհաննիսյանը՝ 25 էջով: Չնայած այն փաստին, որ Լիլիթ Հովհաննիսյանն ունի իր պաշտոնական Facebook-յան էջը, որին անդամակցում է 23820 օգտատեր, այնուամենայնիվ հայտնաբերեցինք 25 կեղծ էջ: 4-րդ հորիզոնականում է «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու կերպարը կերտած, ինչպես նաև երգչուհի Անի Երանյանը՝ 35 էջով: Անի Երանյանը երգարվեստում է արդեն երկար ժամանակ, բայց նրան ավելի մեծ ճանաչում և հաջողություն բերեց հենց Նարեի կերպարը «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում: 3-րդ հորիզոնականում գտնվում է ոչ թե մեկ աստղ, այլ դերասանական մի ողջ անձնակազմ՝ ի դեմս «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի: Այս սերիալն արդեն 2 տարի է, ինչ եթերում է և ունի բազմաթիվ երկրպագուներ: Մենք հաշվի ենք առել կոնկրետ «Դժվար ապրուստ» անունով էջերը, որոնք 50-ն են: Եթե հաշվի առնեինք առանձին բոլոր դերասանների անուններով բացված էջերը, թիվը շատ ավելի մեծ կլիներ: 2-րդ հորիզոնական և....Միհրան Ծառուկյան: Միհրանին ևս հաջողություն բերեց հեռուստասերիալում նկարահանվելը և արդյունքոմ Facebook-ում բացվեց 80 էջ՝ նվիրված երգչին: Իսկ ո՞ր հայ հայտնին ունի ամենաշատ՝ 111-ֆան էջերը Facebook-ում: Նշեմ, որ այս հայտնին ունի իր պաշտոնական էջը Facebook-ում 2008 թվականից, բայց սա չի խանգարել երկրպագուներին բացել ևս 100 էջ: Այս երգչուհին օրերս ներկայացրեց նոր, ցնցող տեսահոլովակ: Կարծում եմ՝ արդեն կռահել եք, թե ում մասին է խոսքը: Դե իհարկե խոսքը Սիրուշոի մասին է:
Նյութի աղբյուր՝ http://artisto.am/155--facebook-.html#.UNIjs29weD9
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել