Իրողություն է՝ մեր հասարակության ամենամեծ արժեքը, ամենամեծ հարստությունը հայ մարդն է։ Մարդն է, ոչ թե և ոչ միայն նրա համար, որ մենք՝ հայերս, ծով, նավթ կամ գազ չունենք։ Պարզապես այսպես է, որովհետև ցանկացած ազգային պետության հանձնառության աղբյուրն ու ուժը մարդն է, երկրի քաղաքացին։ Այսպես պետք է լինի, և այսպես է ցանկացած զարգացած, զարգացող կամ իր հեռանկարը կարևորող պետության համար։Իրողություն է նաև՝ Հայաստանի Հանրապետությունը կառավարման, նաև երկրի պատմության նոր փուլ է մտնում։ Սա առայժմ թղթի վրա՝ նոր Սահմանադրությամբ ամրագրված։ Առայժմ որովհետև այն կշարունակի թղթի վրա մնալ, եթե չկա ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ու ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ։
Որքան էլ տարօրինակ թվա, բայց իմ կարծիքով Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական խնդիրներից մեկը, եթե ոչ ամենակարևորը՝ հայ քաղաքացու ձևավորումն է, բարձր գիտակցությամբ ու արժանապատվությամբ, իրավունք ու պատասխանատվություն գիտակցող ՏԵՐ-ՔԱՂԱՔԱՑՈՒ ձևավորումը։ Սա է քաղաքական ազգի կայացման միակ ճանապարհը։
Ուզում եմ անկեղծ լինել. այս օրերին հիասթափվելու ու հուսահատվելու բազմաթիվ առիթներ ունեցա. քարոզարշավի ընթացքում քիչ չէին մեր այն հայրենակիցներն, ովքեր առանց կաշկանդվելու «նյութական խրախուսանք» անթաքույց ակնարկներ էին անում։ Սա էլ ենք մենք, չէ՞... Այս մասին քիչ ենք խոսում, բայց իզուր...
Եվ սա ռազմավարական բացթողում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար: Մենք պարտավոր էինք անկախության 25 տարիներին այնպիսի կողմնորոշիչներ ու ազդակներ փոխանցել հասարակությանը, որ տեսլական ու քաղաքացիական հանձնառություն գիտակցող հասարակություն ձևավորվեր։ Սա է նաև ցանկացած օրենքի ու սահմանադրության աշխատելու նախապայմանը։ Միայն կայացած քաղաքացիական հասարակությունն է ունակ քաղաքական կամք պարտադրել։ Այդքան չարչրկված քաղաքական կամքը հենց այնպես չի ծնվում։ Նրան պիտի քաղաքական համատեքստում փնտրել։
Ու քանի որ նոր Սահմանադրությունը խաղի նոր կանոն է սահմանում, երկրի նոր ճարտարապետություն, ուզում եմ հավատալ, որ քաղաքական բոլոր ուժերը կգիտակցեն քաղաքացի ու քաղաքացիական հասարակություն կառուցելու կարևորությունը։ Ի վերջո, իներտ ու անհաղորդ քաղաքացին թուլացնում է երկրի ներքին դիմադրողականությունը։
Խնայենք հայ մարդուն ՝ մեր հասարակության ամենամեծ արժեքին՝ հանուն մեր հավաքական ապագայի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/949442671799014?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



